Մոլի ուղղափառները Իսրայելի բանակում ծառայել չեն ուզում

ԿՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱ՞Ն

Իսրայելի գովական բանակը, պարզվում է, ներսում բավական ծանր խնդիրների է բախվում:
 
Այս օրերին այնտեղ բանակում ծառայելու դեմ զանգվածային ցույցերի են մասնակցում կրոնական համայնքների ներկայացուցիչները: Արդեն հայտնի է, որ Իսրայելի ոստիկանությունը ցրել է ծայրահեղ ուղղափառ հրեաների բողոքի զանգվածային ցույցը, որիկազմակերպիչները դժգոհ են իրենց համայնքի անդամներին  բանակ զորակոչելուց: Ձերբակալվել է 120 մարդ (տեղեկանում ենք «Վեստի» պարբերականից):
 
Հաղորդվում է, որ հուզումներ են տեղի ունենում Իսրայելի շատ քաղաքներում, սակայն ինչպես ավանդաբար լինում է, գործողությունների գլխավոր վայրը Երուսաղեմն է:  Հարյուրավոր տղամարդիկ, ովքեր կրում են  հեշտությամբ ճանաչվող սև հանդերձանք և գլխարկներ, արգելափակել են ավտոմեքենաների ճանապարհներն ու խաթարել հասարակական տրանսպորտի աշխատանքները, հրդեհել են աղբամանները: 
Նման կտրուկ գործողությունների առիթ է դարձել Իսրայելի պաշտպանության բանակում ծառայությունից խուսափած մի քանի ուղղափառների ձերբակալությունը: 
 
Ամենաուշագրավն այն է, որ Իսրայելում կրոնական համայնքների համար բազմաթիվ տարկետումներ ու զիջումներ են նախատեսված: Իսկ ահա զինակոչային տարիքի կրոնամոլ հրեաները, ովքեր աչքի են ընկնում այս երկրի պետականության և դրա բոլոր կառույցների կտրուկ մերժմամբ՝ ներառյալ պաշտպանությունն և ուժային գերատեսչությունները, պարզապես հրաժարվում են ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը: 
 
Երևում է՝ կրոնական համայնքներն են ստանձնել պետությունների բանակները թուլացնելու գործը: Սակայն եթե զավթողական նկրտումներ ունեցող պետությունների պարագայում դա շնորհակալ գործ է, ապա միանգամայն անընդունելի է այնպիսի երկրների համար, որոնք բանակի ուժով սեփական անվտանգությունն են պաշտպանում: 
 
Ոչ իր կամքով պատերազմի մեջ ներքաշված Հայաստանում ևս կրոնական համայնքները հովանավորում են հայրենիքի պաշտպանությունից հրաժարվողներին: ՄԻԵԴ-ն էլ սկսել է ընդառաջել նույնիսկ այլընտրանքային զինծառայությունից խուսափելու պատճառով պատասխանատվության ենթարկվածներին: Մեզ թույլ տա՞նք մտածել, որ հակաբանակային, ասել է թե՝ հակապաշտպանական շարժում է սկսվել աշխարհում: