ԻՊ-ն սպառնո՞ւմ է Ռուսաստանին

ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ՔԱՆԻ՜-ՔԱՆԻՍԸ ԿԶՈՀՎԵԻՆ

Ռուսական որոշ լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն էին տարածել, որ ԻՊ-ն սպառնացել է 2018թ. ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանում: Բայց արդյո՞ք արդեն փորձառու ԻՊ-ն նախապես կտեղեկացներ՝ չհաշվարկելով, որ իրենց թիրախ դառնալիք պետությունն էլ նույն հաջողությամբ հակահարված կամ, առնվազն դիմագրավում կնախապատրաստի: 
 
Այսուհանդերձ, պարզվում է՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ամռանը ահաբեկչություն էին նախապատրաստել այն հանդիսասրահում, ուր պիտի կայանար Ֆիլիպ Կիրկորովի համերգը:
 
Եվ միայն հիմա՝ երկու օր առաջ, Մախաչկալայում ձերբակալվել են տեղական ԻՊ բջջի ահաբեկիչները, որոնք հուլիսի 6-ին Կիրկորովի համերգին պետք է պայթեցնեին ինքնաշեն երեք պայթուցիկ սարք: Պարբերականին այս մասին պատմել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) մոտ կանգնած աղբյուրը: Ծայրահեղականների պլանները չեն իրականացվել, բայց թե ի՞նչն է խանգարել նրանց՝ աղբյուրը չի հստակեցրել:
 
Նրա խոսքերով՝ նույն օրը, Մախաչկալայի բջջի ղեկավար 30-ամյա Գաբիբուլա Խալդուզովը այլ հանցագործների՝ Սամիր Իբրահիմովին և Խիդիրեբի Կազուևին առաջարկել է Հոկտեմբերի 50-ամյակի անվան այգում հարձակվել ոստիկանության պահակազորի սպաներին վրա, խլել նրանց զենքն ու ճողոպրել:
 
Ինչպես տեղեկացվում է՝ գրոհայիններն իրենց հետ վերցրել էին 2 հազար ռուբլի արժողությամբ երեք դանակ և 700 ռուբլիանոց կացին: Այգում նրանք հետևել են երկու ոստիկանի և հարձակում են նախապատրաստել, բայց չեն կարողացել դա իրագործել, քանի որ այգին չափազանց մարդաշատ է եղել:
 
Հոկտեմբերի 14-ին Խալդուզովը, Կազուևը և Իբրահիմովը ձերբակալվել են Մախաչկալայում և Մոսկվայում: Նրանցից բացի ևս մեկ անձ է ձերբակալվել, ում անունը չի նշվում: Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ բոլորը դաղստանցի են, բոլորն աշխատել են Դաղստանի մայրաքաղաքում, իսկ հուլիսին համացանցով հավատարմության երդում են տվել ԻՊ ղեկավարին:
Նաև հայտնի է դարձել, որ «ավելի փորձառու» Գաբիբուլա Խալդուզովը Մեսենջերի միջոցով հաղորդակցվել է ԻՊ- ի զինյալների հետ: