Անկարան միջնո՞րդ Մոսկվայի և Կիևի միջև

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԻՈ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ

Խորհրդային Միության փլուզումից ծնունդ առած նորանկախ պետությունները մեկը մյուսի հետևից հայտնվեցին Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններ ունեցողների ցանկում: 
 
Միջինասիական թրքալեզու երկրների կողմից սա միանգամայն սպասելի և տրամաբանական շրջադարձ էր, իսկ Թուրքիայի ջանքերով ստեղծված Ադրբեջանից այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել: Մեր աչքի առաջ մեծ արագությամբ թուրքական երանգավորում ստացավ ամբողջ Վրաստանը, որտեղ Ադրբեջանն իրեն այնքան է տեր զգում, որ նրա տարածքում գտնվող ադրբեջանական դպրոցներում դասավանդում է մի պատմություն, ըստ որի Թբիլիսին վրացիները Ադրբեջանից են զավթել («Ավանգարդը» ամիսներ առաջ անդրադարձել էր այս փաստին): 
 
Հիմա էլ Թուրքիայի և Ուկրաինայի արդի ջերմ հարաբերություններին է անդրադարձել թուրքական «Դեյլի սաբահ» պարբերականի թղթակիցը: Նշվում է, որ անցած 25 տարում Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները գնալով լավացան, իսկ 2011թ. դա հանգեցրեց բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության: Ու քանի որ Ուկրաինան ձգտում է վերադառնալ նախկին նախագահի ժամանակվա բազմակողմանի արտաքին քաղաքականությանը, նրան հարկավոր է հավասարակշռված հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը ավելի բազմազան դարձնել հարավում: 
 
Թուրք թղթակիցը հենց Թուրքիան է համարում այն միակ երկիրը, որը կարող է Ուկրաինային օգնել հարաբերություններ կառուցել Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ:
Ամենակարևորը՝ Թուրքիան կարող է դառնալ այն օղակը, որը կնպաստի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության թուլացմանը: 
Հայտնի չէ, թե երկու ազգակից պետությունների միջև լարվածությունը վերացնելու գործում Թուրքիան ի՞նչ դրական դեր կարող է խաղալ, կամ ո՞րն է այդտեղ նրա իրական շահը: Դրա՞ն էր, արդյոք, միտված թուրքական կողմի հայտարարությունը, թե Ղրիմը Ռուսաստանին միացնելն անընդունելի է: 
 
Ուշագրավ է թուրքական լրատվամիջոցի մեկ այլ դիտողությունը. զարգացնելով հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ Թուրքիան մտադիր է նույնն անել նաև Մոսկվայի հետ: Ա՛յն Մոսկվայի, որի ակնհայտ ազդեցության ոլորտից Թուրքիան դեպի իրեն է քաշում հետխորհրդային համարյա բոլոր երկրները: Եվ այսպես շարունակվելու դեպքում միակ բացառությունը կարող է մնալ Հայաստանը: 
 
Իսկ Ռուսաստանը կարողանում է անտեսել նաև թուրքական զինուժից խոցված իր ինքնաթիռի պարագան, իր դեսպանի սպանությունը, միայն թե հանկարծ չզրկվի  Թուրքիայի բարեկամությունից: Չլինի՞ այն պատճառով, որ իր եղբայր Ուկրաինայի հետ հաշտվելու միակ միջնորդի դերում Անկարային է տեսնում…