Բնական ահագնացած աղետներին դիմակայել է հարկավոր

Բնական աղետների վտանգի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի նշած քաղաքների թվում, պետք է ենթադրել, Երևանն էլ է ընդգրկված: Եվ ընդհանրապես` ամբողջ Հայաստանն է երկրաշարժավտանգ գոտում: Մեր օրերում երկրաշարժակայուն շենքերի կառուցումը և արդեն կառուցվածներն անվտանգ դարձնելը միանգամայն հասանելի են, ու թերևս` որոշ բաներ արվում են:

Սակայն Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս չբուժած մեր պետության համար մի՞թե սա չպետք է լինի գործունեության ամենակարևոր բնագավառներից մեկը: Գուցե երկրորդը` երկրի պաշտպանությունից հետո: Լավ կլիներ, որ Գլասերի նախազգուշացումը նոր ազդակ դառնար, որպեսզի Հայաստանում աշխուժանային հնարավոր երկրաշարժների վնասները նվազագույնի հասցնելու աշխատանքները:
 

Մինչ ՄԱԿ-ի անդամ երկրները զանգվածային մահ ու ավերներ սփռող զենքեր են արտադրում, ապա և գործարարություն անվան տակ դրանց մի մասը վաճառում պատերազմապաշտ, որոշակի հակառակորդի նշանառության տակ առած ուրիշ երկրների կամ անօրինական խմբավորումների, նույն ՄԱԿ-ը մեկ այլ վտանգից է զգուշացնում: 

Միջազգային այդ կառույցի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալով` Բնական աղետների վտանգի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերը կոչ է արել պատրաստվել` նվազագույնի հասցնելու բնական աղետների վնասները:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծացել է բնական աղետների և եղանակային շեղումների քանակը` հանգեցնելով մարդկային մեծ կորուստների ու տնտեսական ահռելի վնասների:  Այս իրողությունն անհրաժեշտ է դարձնում բոլոր պետությունների մասնակցությունը այնպիսի նախագծերին, որոնց նպատակն է նման ռիսկերը նվազեցնել: Պետությունները, ըստ Գլասերի, պետք է պատրաստ լինեն այդ ուղղությամբ մեծ ներդրումներ անել:  

Գլասերը խոսել է երկրաբանական բեկման սեյսմավտանգ գոտիներում գտնվող խոշոր քաղաքների մասին: 370 միլիոն մարդ այդպիսի քաղաքներում է ապրում, իսկ 2050թ. նրանց թիվը մինչև 870 մլն-ի կհասնի: Դա նշանակում է, որ նրանց քաղաքային ղեկավարությունը պետք է խթանի ստորգետնյա զարկերին ավելի դիմացկուն շենքերի կառուցումը:

Նույն 2050-ին ավելի քան կրկրկնապատկվի նաև փոթորիկների վտանգ պարունակող գոտիներում ապրողների թիվը: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ նման աղետները կանխելը մարդու ուժերից վեր է, սակայն դրանց պատրաստվելը հնարավոր է: