Հյուսիսային Կորեան նորից աչքի է ընկել

ՂՐԻՄԸ` ՌԴ ԿԱԶՄՈՒՄ

Ըստ մեզ հասած որոշակի տեղեկությունների` նույն Հյուսիսային Կորեան Արցախի հարցում լիովին հայանպաստ դիրքորոշում ունի: Իսկ սա նշանակում է, որ նա որոշ դեպքերում շատ ավելի սթափ է մտածում և լավատեղյակ է աշխարհի գործերին, քան իրենց ամեն ինչում իրավասու և բոլոր հարցերում գիտակ համարող տարբեր երկրներ:
 

Հյուսիսային Կորեան իր առանձնահատուկ լինելը և դրսի ոչ մի հեղինակություն հաշվի չառնելը ցույց է տվել մեկ այլ կողմից: Այնտեղ հրատարակված ատլասում Ղրիմը ներկված է Ռուսաստանի գույներով, ինչը նշանակում է, որ ԿԺԴՀ-ն այդ թերակղզին ռուսական տարածք է համարում: Ատլասի մասին իր ՖԲ էջում տեղեկություն է հրապարակել Հյուսիսային Կորեայում ՌԴ-ի հյուպատոսությունը:

Նշվում է, որ հյուսիսկորեական «Գիտական հանրագիտարան» հրատարակչությունը տվյալ քարտեզը տեղադրել է աշխարհի քաղաքական ատլասի նոր հրատարակությունում: Իսկ ԿԺԴՀ արտգործնախարարությունում էլ պարզաբանել են, թե իրենք հարգում են Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները, որով Ղրիմը ներառվում է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, և այդ հանրաքվեն համարում են օրինական ու միջազգային իրավական չափանիշներին համապատասխան: «Վեստիի» տարածած հաղորդագրությունը հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ն նույն դիրքորոշումն ունի նաև Կուրիլյան կղզիների վերաբերյալ:

Ճապոնիայի հետ նրա լարված հարաբերությունների պայմաններում Կուրիլյան կղզիների նկատմամբ այս տեսակետը զարմանալի չէ: Ինչ վերաբերում է Ղրիմի հարցին, ապա երբ տեղեկությունը տարածվի, աշխարհի շատ երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ն ու Ուկրաինան, նոր առիթ կունենան Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշելու և սահմանված պատժամիջոցներն ավելի սաստկացնելու: Ու նաև նոր քարեր նետելու Ռուսաստանի «բոստանը»:

Հիշենք, որ օրինակ Թուրքիան մի քանի օր առաջ է հայտարարել, թե Ղրիմի միացումը Ռուսաստանին ինքն անօրինական է համարում: Կիպրոսի կեսը բացահայտորեն զավթած երկրի կողմից նման մեկնաբանությունը միանգամայն օրինաչափ է հնչում:
Սա է այսօրվա աշխարհի բարոյական դեմքը: