ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական ճգնաժամի որոշ հետևանքներ

Գյուլենականներ որսալու մարմաջը Թուրքիայի վրա երբեմն շատ թանկ է նստում:

ԱՄՆ դեսպանատան աշխատակցին նման մեղադրանքով ձերբակալելուց հետո առաջացած այցագրային ճգնաժամն արդեն որոշ դառը պտուղներ տալիս է: Առաջինը, իհարկե,  Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր, որով դադարեցվում է այցագրեր տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:

Իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, պաշտոնից հեռանալուց առաջ, հատուկ ելույթով է հանդես եկել և Թուրքիայի իշխանություններին որոշ բաներ հիշեցրել: Մասնավորապես դիմելով նախագահ Էրդողանին` ակնարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումները Թուրքիայի տարածքում դադարած լինելու մասին, որի համար թուրքական կողմը պարտական է ԱՄՆ-ի հետ լայն համագործակցությանը (թուրքական diken.com.tr կայքի փոխանցմամբ):

- 9,5 ամիս Թուրքիայում ահաբեկչական հարձակում տեղի չունեցավ: Դա նրանից չէ, որ ԻՊ-ն հրաժարվել է ձեր դեմ գործելուց: Դա նույնպես Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական ծրագրերում համատեղ աշխատանքի արդյունքն է,- ասել է Բասը:
Նշանակո՞ւմ է սա արդյոք, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացնելը վերստին ԻՊ-ականների հարձակումների թիրախ կդարձնի Թուրքիան…

Եթե ԻՊ ահաբեկիչների հարձակումներից զերծ մնալը Էրդողանը կարող է միանգամայն իր սեփական ձեռքբերումը համարել, ապա դժվար թե կարողանա նույնքան պայծառ լույսի ներքո իրեն ներկայացնել դրամական կորուստների մասով: Այսպես` gazeteduvar.com.tr կայքի մի հրապարակումը հավաստում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա դիվանագիտական լարվածության պատճառով Թուրքիայի նյութական կորուստը մեկ գիշերում 63 մլրդ դոլար է կազմել:  

Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման մասին բարձրաձայնել է հենց նույն երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներից Այքութ Էրդողդուն:

Լարվածության առաջին իսկ ժամերից թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ, և այժմ Թուրքիայի քաղաքացիները մեկ դոլարը գնում են ռեկորդային բարձր գնով (ամենաէժանը 3,7 լիրայով): Այս արժեզրկումը մեկ այլ ռեկորդ էլ է սահմանել` վերջին ամսում թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ ամենամեծ անկումը գրանցած ազգային արժույթն է:

Այս ճգնաժամը, իհարկե, շատ այլ հետևանքներ նույնպես կունենա, և աշխարհի ու հենց Թուրքիայի հանրության համար դրանց մի մասը ակնհայտ կդառնան: Սակայն դժվար թե այն չափազանց խորանա. Թուրքիան ու ԱՄՆ-ը այնպիսի շահերով են շաղկապված, որ այդքան հեշտությամբ իրար բաց չեն թողնի: