«Պատմական հարցի» լուծում են ակնկալում

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՆ ԷԼ ԴԵՄ ՉԵՆ

Սիրիայի քրդերի ղեկավարները, իհարկե, հայտնում են իշխանությունների հետ երկխոսության համար բաց լինելու մասին, բայց և առիթը բաց չեն թողնում (եթե Վալիդ Մուալեմի խոսքերը հիմք ընդունենք)` իրենց ձեռքը գցել երկրի նավթառատ շրջանները:

Մերձավոր Արևելքում քրդական մեծ պետություն ստեղծելու ծրագրերը, կասկած չկա, նրանց գործունեության հիմքում նույնպես դրված է: Իսկ աշխարհի քրդերը երազում են մի պետության մասին, որի սահմանները, համաձայն համացանցում տարածված քարտեզների, ընդգրկում է ոչ միայն Արևմտյան Հայաստանի տարածքը, այլև զգալի հատված Հայաստանի Հանրապետությունից:     

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Դրանցից մեկի համարձայն` ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում գործող կոալիցիան երկրում ոչնչացնում է ինչ ասես, բացի «Իսլամական պետությունից» (Սոչի քաղաքից հանդիպման մասին տեղեկությունները հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն):

- Ռաքքայում և Դեր-Զորում ամերիկացիների ավիահարվածների զոհեր են դարձել Սիրիայի հազարավոր քաղաքացիներ` ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք ու երեխաներ: Ամերիկյան օդուժը նպատակաուղղված ոչնչացնում է տնտեսական ենթակառուցվածքները: Այդ է պատճառը, որ մենք ամենավճռական կերպով պահանջելու ենք ցրել տվյալ կոալիցիան,-ասել է Մուալեմը:

Սիրիայի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը այդ կոալիցիայի գործողություններն օգտագործում է որպես Սիրիան ավերելու վարագույր և որպեսզի պատերազմի ավարտը հնարավորինս հետաձգի:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարի մյուս ուշագրավ անդրադարձը քրդական խնդրի արծարծումն էր: 

- Այժմ քրդերն, ըստ էության, Սիրիայի բանակի հետ մրցակցում են նավթաբեր շրջանների վրա վերահսկողություն սահմանելու համար: Նրանց շատ լավ է հայտնի, որ Սիրիան թույլ չի տա խախտել իր պետական ինքնիշխանությունը: Անկասկած է, որ այս պահին նրանք շլացած են ամերիկյան օգնությունից և աջակցությունից, բայց պետք է հասկանան, որ այդ օգնությունը չի կարող հավերժ շարունակվել,-նշել է նա:  

Ըստ Մուալեմի` քրդական հիմնահարցի գոյության ամբողջ ընթացքում` ավելի քան 100 տարի, քրդերին չի հաջողվել ունենալ մի հավատարիմ դաշնակից` ի դեմս որևէ պետության: