Ինչպես Իրանը զերծ պահել միջուկային զենք արտադրելու գայթակղությունից

Համարվում է, որ տվյալ երկրի ընդդիմությունը կոչված է վեր հանելու իշխանությունների սխալները, նախանշելու ուղիներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարգավաճ ու ապահով երկիր կառուցել: Բայց մեր օրերում նաև անառարկելիորեն պարզ է դարձել, որ ընդդիմությանը կարելի է օգտագործել երկիրը ներսից քանդելու համար:
 
Արդյոք դա չի՞ վկայում Իրանի տարագիր ընդդիմադիրների այս հայտարարությունը: Եթե Իրանին հնարավոր չէ ծնկի բերել միջուկային ծրագրերը սահմանափակելով ու տարբեր պատժամիջոցներով, ուրեմն հարկավոր է դրանց ավելացնել ընդդիմության գործոնը և ահաբեկչության մեղադրանքը: Դրանք շատ ավելի արդյունավետ են քանդում պետությունները: Իսկ որ Իրանի տապալումը շատ երկրներ են երազում, ակնհայտ է՝ նրանք չեն էլ թաքցնում:
 
  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից Իրանին զրկելու անհրաժեշտությունը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը երեկ երեկոյան այդ մասին հաղորդագրություն է տարածել և նշել, որ երկու երկրների ղեկավարները շոշափել են այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն կտան կանխել Իրանի կողմից միջուկային զենքի արտադրությունը: 
 
ԱՄՆ նախագահի խոսել է նաև Իրանին պատասխանատվության ենթարկելու մասին «նրա կործանարար և ապակայունացնող գործունեության» համար, հատկապես՝ ահաբեկչությանը աջակցելու և հրթիռների մշակման համար: 
Հիշեցնենք, որ նախօրոք լուր էր տարածվել, թե Թրամփը ընթացիկ շաբաթում կհայտնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր որոշումը և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական խմբավորումների սև ցուցակում: Իսկ այդ կորպուսը Իրանի զինուժի ընտրանին է:  
 
Ըստ տարածված տեղեկատվության՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրին և նշել, որ այն հրատապ է տարածաշրջանային անվտանգության համար, իսկ գործարքը մանրամասնորեն վերահսկելը և պատշաճորեն իրագործելը անհրաժեշտություն է:
 
Այս ամենի համապատկերին ուշագրավ է մեկ այլ տեղեկություն: «Ֆոքս նյուս» հեռուստաալիքը երեկ հաղորդել է, թե «Իրանի դիմադրության ազգային խորխուրդ» (ԻԴԱԽ) կազմակերպություն հաստատել է, որ  Իրանը չի դադարեցրել ատոմի էներգիան ռազմական նպատակներով օգտագործելու իր ծրագիրը՝ չնայած կատարում է Գործողությունների համատեղ համամապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները: 
 
Նշենք, որ ԻԴԱԽ-ը Փարիզում հաստատված կազմակերպություն է, որը միավորում է Իրանից տարագրված ընդդիմադիրներին: Նրանք հանդես են գալիս հանուն Իսլամական Հանրապետությունում դավանանքի ազատության և ազատ ընտրությունների: ԻԴԱԽ-ի այս հայտարարությունը կրում է այսօրվա ամսաթիվը՝ հոկտեմբերի 11: