Իր անկախությունը հռչակել չի շտապում նաև Կատալոնիան

Աշխարհում թափ են առնում անկախանալու շարժումները, և շատերին, կարծես, դյուրին ճանապարհ է թվում հանրաքվեով դրան հասնելու հնարավորությունը:
 
Երևի ժամանակն է, որ միջազգային կառույցները մտածեն սրա վերաբերյալ արդարացի ու գործուն հայեցակարգ մշակելու մասին, որի հիմքում հզորների կամ նվաճողների շահերը չէ, որ կդրվեն: Որպեսզի չլինի իրեն հարգող որևէ երկիր կամ կառույց, որը Ադրբեջանի կազմում Արցախի լինելն ընդունելի համարի:
 
Կատալոնիան էլ, Իրաքի Քրդստանի նման, կայացած հանրաքվեից հետո դեռևս չի հռչակել իր անկախությունը: Կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ինքնավար մարզի խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը, որպեսզի ինքը Մադրիդի հետ երկխոսություն սկսի և հարթի ստեղծված իրավիճակը: 
 
Իսպանիայից անկախ Կատալոնիա ոչ միայն Իսպանիան, այլև մյուս պետությունները նույնպես առայժմ չեն տեսնում, շատերն ուղղակի հայտարարեցին, թե կատալոնացիների հանրաքվեն անօրինական էր:  Մինչդեռ Պուչդեմոնը, ինչպես Սի-Էն-Էն-ն է հաղորդել, ասել է, թե հեկտեմբերի 1-ին ինքնավար մարզը մանդատ է ստացել կատալոնացիներից, ովքեր ցանկանում են անկախ հանրապետությունում ապրել:  
 
- Կատալոնիան վաստակել է թե՛ անկախ պետություն լինելու, թե՛ լսելի լինելու իրավունքը, - Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարը:
 
Պուչդեմոնի նշած՝ երկխոսություն սկսելու որևէ ամսաթիվ դեռևս չի նշվում:
Մինչդեռ երկու կողմերի հակադարձող քայլերը շարունակվում են: 
 
Այսպես, Կատալոնիայում գործող տասնյակ ընկերություններ որոշում են կայացրել իրենց իրավաբանական հասցեները փոխել, և դրա պատճառը համարվում է Իսպանիայից անկախանալու հեռանկարը: Սրա համար Կատալոնիայի կառավարությունը մեղավոր է համարում Իսպանիայի կենտրոնական իշխանությանը: Գեներալիտետի ներկայացուցիչ Ժորդի Թուրուլն է այդ մասին խոսել («ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ)։
 
- Մենք դատապարտում ենք Իսպանիայի կառավարության քայլը՝ Կատալոնիայի տնտեսությանը վնաս հասցնելու համար։ Բայց մենք Կատալոնիայի տնտեսության նկատմամբ վստահություն ունենք, այն ավելի լուրջ բան է, քան ուղղակի մի քանի կարևոր ընկերություններ, որոնք որոշել փոխել իրավաբանական հասցեները։ Մեզ դա դուր չի գալիս, բայց մեր տնտեսությունը շատ ամուր է,– ասել է Թուրուլը ու ավելացրել, թե այդ ընկերություններն ինչպես հեռացել են, այնպես էլ որոշ ժամանակ անց կվերադառնան։
 
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կարծիքով՝ Կատալոնիայի և Իսպանիայի միջև եղած ճգնաժամը կարգավորելու գործում միջնորդներ հարկավոր չեն, և Եվրամիությունը չպետք է այդպիսի դեր ստանձնի:
 
- Դա Իսպանիայի ներքին գործն է,- ասել է Մակրոնը և նշել, որ լինելով Ֆրանսիայի նախագահը՝ ինքը հնարավոր չի համարում հարևանի գործերում միջնորդի դեր կատարել,- դա իմ խնդիրը չէ։
 
Ելնելով երկխոսություն սկսելու մասին Կատալոնիայի ղեկավարի կոչից՝ կարելի է հուսալ, որ Եվրոպայի կենտրոնում հակամարտության թեժ օջախ չի բացվի: Սակայն հանրաքվեին առնչվող իրադարձությունների ժամանակ Իսպանիայի իշխանությունների գործադրած բռնությունները հուշում են, որ այդ հույսերը գուցե չարդարանան: