Համադաշնություն Իրաքում

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԽՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄԸ

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեից հետո շարունակում են զարգանալ գործընթացները: Կողմերն առայժմ համաձայնության չեն եկել, իսկ Իրաքի փոխնախագահ Այալ Ալավին AP-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե բանակցություններն արդյունք չտան, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել՝ կենտրոն ունենալով Քիրքուքի նահանգը:
 
Նավթառատ այս նահանգը քրդական ինքնավարության համար վիճելի տարածք էր, սակայն օգոստոսի վերջին նահանգի խորհուրդը որոշում էր կայացրել մասնակցել Քրդստանի անկախության հանրաքվեին: Եվ սեպտեմբերի 25-ին Քիրքուքի բնակիչները նույնպես քվեարկել են հօգուտ անկախության: 
Ալավին Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին և Իրաքի կառավարությանը կոչ է արել Քիրքուքի հետ կապված խնդրի համար լուծում գտնելիս զսպվածություն ցուցաբերել: 
 
- Իրաքի կառավարությունը պնդում է, թե ինքը վերահսկում է Ազգային միացյալ ճակատը: Եթե այդպես է, ապա նրանց պետք է զսպել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Կարևոր է, որ Բարզանին ու փեշմերգան նույնպես զսպվածություն ցուցաբերեն և ագրեսիվ քայլեր չձեռնարկեն,- ասել է Ալավին:
 
Նշենք, որ փեշմերգա են կոչվում քրդական զինված զորամիավորումները, իսկ բառի թարգմանությունն է «դեպի մահ գնացողներ», «մահվան երեսին նայողներ»: Կարելի է ասել՝ մահապարտներ: 
Իրաքի համար քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելը, իհարկե, աղետաբեր կլինի, և քաղաքական ուժերը փորձում են դրանից խուսափելու ուղիներ գտնել: 
 
Քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք է համավում նաև Իրաքի Քրդստանի հետ համադաշնություն ստեղծելը: Այս մասին  «Asharq Al-Awsat» թերթի մի հրապարակման մեջ խոսել է Իրաքի Քրդստանի քաղաքական ղեկավարության խորհրդի անդամ Աբդալա Վարաթին: Նա ասել է, թե համադաշնության ստեղծման վերաբերյալ առաջարկությունը փոխանցել է քրդական ինքնավարությանը հարևան մի երրորդ կողմ, սակայն պաշտոնապես չի ներկայացել: Իսկ դրան   հավանություն են տվել Իրաքի խորհրդարանի առանձին քաղաքական խմբակցություններ և կառավարությունը:
 
Վարաթին նաև ասել է, թե նշված փաստաթղթում ընդգծվում է, որ տվյալ պահին համադաշնությունը Իրաքի քաղաքական իրադրության համար լավագույն լուծումն է: Իրաքի Քրդստանի քաղաքական ղեկավարության խորհրդի անդամը, սակայն, չի մոռացել շեշտել, որ Բաղդադի հետ համադաշնության ձևավորման հարցն Էրբիլը կարող է  քննարկել միայն կենտրոնական իշխանությունների կողմից քրդական պետությունը ճանաչման դեպքում:  
 
Բաղդադը սա դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել (նշել է ՏԱՍՍ-ը):