Ապատեղեկատվության դեմ՝ կիբերզորքով

Տեղեկատվությունը գլխավոր զենք դրաձրած և ամեն օր մարդկանց գիտակցության վրա ազդել փորձող «գլխավոր հակառակորդի» դեմ պայքարելու նպատակով Լեհաստանում որոշել են կիբերզորքեր ստեղծել: Իսկ այն հանգամանքը, որ այդ մասին խոսել է հենց Լեհաստանի պաշտպանության նախարարը, հուշում է, որ «զորքեր» բաղադրիչը պատկերավորության համար չէ, որ կիրառվել է:  
 
Լեհաստանի զինուժի ղեկավար Անտոնի Մաչարևիչը այդ մասին խոսել է Կրակովում ընթացող կիբերանվտանգության համաժողովում (Onet Wiadomosci–ի փոխանցմամբ)։
 
- Կայքեր կոտրել ու կեղծ հաղորդագրություններ տարածել կարող են տարբեր կազմակերպություններ։ Կարևոր է գիտակցել և հիշել, որ մեր գլխավոր հակառակորդը տեղեկատվությունը դարձրել է իր գլխավոր զենքը և ամեն օր փորձում է ազդել մեր ուղեղների և գիտակցության ձևավորման, իրադարձությունների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա,– ասել է Մաչարևիչը։
 
Իր մեղադրանքի սլաքը Մաչարևիչն ուղղել է հատկապես Ռուսաստանի կողմը: Նրա խոսքով՝ Կատալոնիայի անօրինական հանրաքվեի ժամանակ ցանցահենները կազմակերպիչներին օգնել էին շրջանցել Իսպանիայի կառավարության կողմից ստեղծված քվեարկության ինտերնետ համակարգերի արգելափակումը։
 
Ելնելով սրանից՝ կարելի է նաև եզրակացնել, որ Լեհաստանի ՊՆ ղեկավարի նշած «գլխավոր հակառակորդը» նույնպես Ռուսաստանն է:
Ռուսաստանի մասին է  խոսել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը: «expert.ru»-ն մեջբերել է նրա խոսքերը. 
 
- Ռուսաստանը մեր հարևանն է, և մենք չնեք ցանկանում նրան մեկուսացնել կամ նրա հետ նոր սառը պատերազմ սկսել:
 
Նա շեշտել է, որ իր ղեկավարած կառույցը կցանկանար Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժություններում առավել մեծ թափանցիկություն տեսնել: Ապա նշել է, որ իրենք ուժեղացրել են ծովում պարեկային ներկայությունը՝ Ռուսաստանի նախահարձակ գործողությունների պատճառով: Նույն օրը` հոկտեմբերի 9-ին, ՆԱՏՕ-ն սկսել է նոր զորամիավորում տեղակայել Ռումինիայի տարածքում, և խոսվում է, որ այնտեղ ներառված են լինելու շուրջ 3000 զինվորականներ:
 
Սառը պատերազմից խուսափելու գաղափարը, իհարկե, գովելի է, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես առիթը բաց չի թողել՝ տեղեկատվական հնարավարություններն օգտագործելով՝ ազդել ունկնդիրների գիտակցության վրա և ընդգծել Ռուսաստանի բացասական կերպարը: Ու հենց դրանով էլ արդարացրել է Ռումինիայում 3000-ամոց զորամիավորման տեղադրումը: 
 
Այնպես որ՝ շուտով երևի բոլոր երկրների զինուժերը կսկսեն կիբերզորամիավորումներ ստեղծել: Միայն թե դժվար է ասել՝ դրանք կպայքարեն «գլխավոր հակառակորդների» կողմից սեփական ժողովուրդների գիտակցության խեղաթյուրմա՞ն դեմ, թե իրենք կփորձեն ձևավորել այնպիսի գիտակցություն, որը միայն սեփական քաղաքական շահերից է բխում: Կիբերզորքեր ստեղծելը, իհարկե, պետությունների համար կարևոր խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում, սակայն վտանգ կա, որ դրանք ի վերջո հենց իրենց հանրություններին կզրկեն ինքնուրույն մտածելու ունակությունից: