Անկախական շարժումները կձևափոխե՞ն աշխարհի քարտեզը

Անկախական շարժումները կձևափոխե՞ն աշխարհի քարտեզը 
Մեր կիսագնդի աշունն սկսվել է անկախական շարժումների շքերթով: Իրաքի Քրդստանի ու իսպանական Կատալոնիայի անկախության աղմկահարույց հանրաքվեներից հետո այժմ էլ Իրաքի սուննիներն են հայտարարել ինքնավար շրջան ստեղծելու մտադրության մասին: 
 
Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի»,  ասել է  Նայնավա շրջանի արաբական ցեղերի ներկայացուցիչ, շեյխ Մուզահիմ ալ Խվեթը՝ քրդական «BasNews» գործակալության հետ զրուցելիս: 
 
Իրաքում փոքրամասնություն կազմող այս կրոնական խմբի ներկայացուցիչները մտադիր են տարածաշրջանային հանրաքվե անցկացնել երկրի հյուսիսային և կենտրոնական արվարձանների տարածքում: Շեյխ Մուզահիմ ալ Խվեթը նշել է, որ սուննիական շրջանները կընդգրկեն Նայնավան, Անբարը, Դիյալուն, Սալահ էդ Դինը և Բաղդադի գոտի կոչված շրջանը, որտեղ սուննիները մեծամասնություն են կազմում:
 
Աշխարհի քարտեզը դարերի ընթացքում այնքան արագ է փոփոխվում, որ դրա ընթացքին տարեցտարի հետևելը երևի համակարգչային մի ամբողջ ցանց կընդգրկի, և դեռ որոշ մանրամասներ էլ դուրս կմնան: Միշտ էլ եղել են ցեղեր, ցեղային միավորումներ, պետություններ, որոնք ձգտել են իրենց տարածքներն այլոց հաշվին ընդարձակել, հզորանալ, իշխել: Ու եղել են ազգեր, ցեղեր, պետություններ, որոնք պայքարել են կորցրածը վերականգնելու, ունեցածը պաշտպանելու համար: Դրա համար էլ մարդկության պատմությունն արյունով է գրվել, նվաճումների ու գաղութացումների, ազատագրությունների ու անկախանալու գույներով է ներկվել: 
 
21-րդ դարում բոլորին մեկ ընդհանուր կաթսայում ներառող գլոբալացում կոչված երևույթին սկսել է հակադրվել անջատվելու, ինքնուրույնանալու, կենտրոնական իշխանության թվացյալ կամ իրական ճնշումներից անկախանալու հեղեղը, որը ահագնանալու, մի մեծ ջրհեղեղ դառնալու ներուժ ունի: 
 
Իսպանական իշխանությունները կարող են ճնշել իրենց առանձին ազգ գիտակցող կատալոնացիներին, ովքեր խոսում են  իսպաներենին ցեղակից (թերևս նրա մի բարբառը հանդիսացող) լեզվով: Իրաքը, Թուրքիան, Իրանը կարող են դաժան շրջափակման միջոցով աղքատության մատնել Քրդստանի բնակիչներին: Աշխարհի պետությունները կարող են չճանաչել, որ Արցախը Ադրբեջանի կազմում մնալ չի կարող, իսկ աբխազներն ու աջարները պարտավոր չեն խոնարհվել վրացական իշխանություններին: 
 
Իհարկե, միշտ չէ, որ անկախանալու ձգտումներն արդարացված են ու իրագործելի: Բայց քանի դեռ աշխարհը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնորոշման  իրավունքի դրույթների միջև կողմնորոշվել չի կարողանում՝ նույնիսկ կրոնական խմբերն են սկսելու պառակտել երկրները, որոնց սահմանները դեռևս 20-րդ դարում են գծվել: 
 
Վերջիվերջո 21-րդ դարում գիտությունը կարող է ճշգրիտ սահմանել, թե որ տարածաշրջանում որ էթնոսն է բնիկ, որն է նվաճող: Ինքնորոշման ու ամբողջականության թնջուկը սրանով հնարավոր է լուծել, և այստեղ է որ կասկած չի մնում, թե ինչու են կործանվում Մերձավոր Արևելքի (և ոչ միայն) հնագիտական թանգարանները, կեղծվում կամ պարզապես կորստյան մատնվում պեղումների արդյունքները, վերշարադրվում տարածաշրջանների պատմությունները: