Ազգային շա՞հ, թե՞ համընդհանուր խաղաղություն

Իրանի հետ միջուկային պայմանագիրը խզելու վերեբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությանն է անդրադարձել երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: 
 
Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը այդ պայմանագրից դուրս գա, հետևանքը կլինի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Իրանի մեկուսացումը: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալով՝ Բայդենն ասել է.
 
- Իրանի հետ գործարքը պարզապես համաձայնություն չէ Միացյալ Նահանգների հետ, այնտեղ «վեցյակի» անդամ երկրներն էլ են ներգրավված: Այդ գործարքից միանձնյա դուրս գալը Իրանի մեկուսացմանը չի հանգեցնի. այն մեկուսացում կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգներին: 
 
Հիշեցնենք, որ «վեցյակի» մնացած անդամներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Բայդենը նաև նշել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հաստատում է, որ Իրանը համաձայնագրի պայմանները կատարում է, հենց Թրամփի վարչակազմն էլ երկու անգամ դա հաստատել է: ԱՄՆ նախկին փոխնախագահը մատնանշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ուղղված է այդ երկրի միջուկային ծրագրերը սահմանափակելուն, և ուրեմն Սպիտակ տունը կարող է Թեհրանին հակադարձել այլ ոլորտներում: Սա երևի պետք է այսպես հասկանալ՝ առանց այն էլ Իրանի միջուկային ծրագրերը սահմանափակվել են, այլևս ի՞նչ կարիք կա դրա վրա սևեռվել (Ջո Բայդենի ելույթի մասին հրապարակումը տարածել է ՏԱՍՍ գործակալությունը):
 
Մինչ այդ «Վաշինգտոն փոստը» հաղորդել էր, որ Թրամփը եկող շաբաթ կհայտարարի, թե ինչպես է այնուհետև ԱՄՆ-ը կատարելու Իրանի միջուկայի ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ): Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահն, ըստ էության, մտադիր է այդ գործարքի առկա վիճակից հրաժարվել և մասնավորապես կհայտարարի, թե ՀԳՀԾ-ն Միացյալ Նահանգների ազգային շահերին չի համապատասխանում: 
 
Դրա համար անհրաժետ է, ինչպես մեկնաբանել է «ՏԱՍՍ»ը, որ օրենքով սահմանված ժամկետում (90 օրը մեկ) Թրամփը Կոնգրեսին հայտնի, թե Իրանը համաձայնագրի պայմանները չի կատարում: Հաջորդ տեղեկատվությունը պետք է Կոնգրես ուղարկվի հոկտեմբերի 15-ին: Դրանից հետո Կոնգրեսը պարտավոր է իրավիճակը գնահատել և հետագա անելիքների քայլեր մշակել: 
Սա նշանակում է, որ Թրամփը միանձնյա նման որոշում կայացնել չի կարող:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ արտգործնախարար Թիլերսոնը դեմ էր արտահայտվել Թրամփի այդ մտադրությանը: Դրան դեմ են նաև միջուկային մյուս հինգ տերությունները, որոնք Իրանի հետ տվյալ պայմանագրի անդամներն են:  
 
Թրամփի համար ամենակարևորը, անկասկած, իր երկրի ազգային շահն է: Այդ շահը մեծապես տուժել է, երբ Իրանն սկսել է կարևոր դեր խաղալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մինչդեռ ԱՄՆ-ի ցանկությունն է այնտեղ իր կամքը թելադրել: Միացյալ Նահանգների ազգային շահը, փաստորեն, Թրամփի համար ավելի կարևոր է, քան աշխարհը միջուկային սպառնալիքից զերծ պահելը: Որովհետև Իրանի և Հյուսիսասյին Կորեայի հետ ԱՄՆ-ի «միջուկային» հարաբերությունների առկա վիճակը  բնավ այդ տեսանկյունից անվտանգություն չի ապահովում:
 
Ի՞նչ անուն պետք է տալ այն երկրներին, որոնց ազգային շահը օտար պետություններում է: Իսկ մեր մոլորակի վրա այդպիսի պետությունները բազմաթիվ են: Ցավալին այն է, որ նրանց զսպող գործոններն են բացակայում:  Իսկ դրա հետևանքնները ԶԼՄ-ների ամենօրյա լրահոսում են արտացոլվում: