Հմուտ քարոզչի ձեռքին համացանցը լուրջ զենք է

Միջուկային պատերազմների, արհեստական ինտելեկտի, բնապահպանական աղետալի վիճակի սպառնալիքները մարդուն քիչ էին, հիմա էլ՝ համացանցը:  
 
Արդեն դժվար է կյանքը պատկերացնել առանց համացանցի: Միայն թե՝ դրա օգուտից ավելի շատ, երևի, վնասն է անուղղելի: 
 
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը, օրինակ, բացահայտել է մի սարսափելի վիճակագրություն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների 80%-ը հավաքագրվել է համացանցի միջոցով: Տեղեկությունը հրապարակել է «il Messaggero» կայքը՝ վկայակոչելով կիբերանվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիի հնչեցրած խոսքերը:
 
- ԻՊ-ն դարձել է առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որը համացանցը դարձրել է իր հիմնական զենքը: Ծայրահեղ իսլամ ընդունելու գործընթացում և կրոնական մոլեռանդության տարածման գործում համաշխարհային ցանցը կարևորագույն դեր ունի: Այդ աշխատանքի 80%-ն իրականացվում է համացանցի միջոցով, գլխավորապես՝ գրոհայինների և աջակիցների հավաքագրման նպատակով: Այդ ռազմավարությունը հնարավորություն է տալիս տպավորություն ստեղծել կազմակերպության ազդեցության ծավալների մասին,- ասել է Իտալիայի ՆԳ նախարարը:
 
Մինիտին նախկինում ղեկավարել է ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, և իր փորձից ելնելով՝ լավատես չէ: Նա կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակով համացանցն օգտագործելը շատ բարդ ու լուրջ խնդիր է, որը լուծելը չափազանց դժվար է:
 
Նույն համացանցից մարդիկ իմանում են, որ այս կամ այն երկիրը ժամանակ առ ժամանակ սահմանափակում է դրա գործունեությունն իր տարածքում, արգելքներ են կիրառվում հատկապես սոցիալական ցանցերի նկատմամբ: Բնականաբար՝ շատ պետություներում գիտակցում են, որ հատկապես խակ ուղեղների վրա ազդելու համար համացանցն իրենց դեմ ուղղված զենք է: Ճիշտ է, ամեն անգամ դա մեկնաբանվում է որպես խոսքի ազատության սահմանափակում, բայց եթե այդ ազատ խոսքը իսլամական ծայրահեղություն կամ ահաբեկչություն է քարոզում, մի՞թե այն սահմանափակելն արդարացված չէ: 
 
Նման հաղորդումներ Թուրքիայի վերաբերյալ նույնպես տարածվել են, բայց հենց համացանցը նախագահ Էրդողանին օգնեց հաղթել անցած տարվա խռովության ժամանակ: Համենայնդեպս, այդպիսի մեկնաբանություններ այն ժամանակ եղան: 
 
Չմոռանանք նաև, որ համացանցը բորբոքեց «արաբական գարուն» կոչված հեղափոխության կրակը և պատերազմի համատարած գոտու վերածեց առանց այդ էլ բարդ տարածաշրջանը: 
 
Ուրեմն ի՞նչ է ստացվում. տեխնիկական աներևակայելի առաջընթացի այս գործիքը՝ համացանցը, ևս կարող է մարդկությունը կործանել: