Բացառել հակամարտությունների ռազմական լուծումները

Մերձավոր Արևելքը ջլատող պատերազմները չեն կարող չմտահոգել այնտեղ առկա պետություններին: Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրին վտանգ է սպառնում: Միաժամանակ յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել՝ իրավիճակն իր օգտին շրջելով: 
 
Պղտոր ջրերում ձուկ որսալը, գուցե, ձեռնտու գործ է, սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ջրերը թունավորված չեն: Այնպես որ, ամենաձեռնտուն խաղաղությունն է, որ տարածաշրջանի պետությունները պետք է երազեն:
 
Խաղաղության կարևորությունը երեկ շեշտել է Իրանը: ԻԻՀ արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերձավոր Արևելքի ոչ մի հակամարտություն չպետք է ռազմական ճանապարհով լուծվի: Նա տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրար հետ կապ հաստատել, որպեսզի խնդիրների լուծումները գտնեն բանակցությունների միջոցով և նախապատվությունը տան հավաքական կայունության և անվտանգության տարածաշրջանային նախաձեռնություններին (հաղորդել է «Թանսիմը»): Իրանի ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ: 
 
Կատարի էմիրը իր հերթին ողջունել է ճգնաժամերը խաղաղ կարգավորելու վերաբերյալ Իրանի դիրքորոշումը և նշել, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի հետ խորհրդակցելն անխուսափելի է:
 
Իսկ Իրանի հետ միջուկային պայմանագրի խզման վերաբերյալ կարծիք է հնչել ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը Կոնգրեսում, զինված ուժերի գործերով կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է.
 
- Իրանի հետ միջուկային գործարքից դուրս չգալը ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից է բխում: 
 
Ըստ բանախոսի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիտարկի հնարավորությունը՝ չխզելու միջուկային պայմանագիրը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առաջին անգամ ելույթ ունենալով՝ Թրամփը խոսեց մի կողմից միջուկային խոշոր տերությունների, մյուս կողմից՝ Իրանի միջև կնքված պայմանագիրը խզելու մասին: Պայմանագրի կողմ մյուս երկրները, սակայն, դա նպատակահարմար չհամարեցին:
 
Այս պայմանագրի շնորհիվ էր, որ Իրանը մեծ չափով ազատվեց միջազգային պատժամիջոցների բեռան ծանրությունից և սկսեց ավելի գործուն քաղաքականություն վարել: Թրամփին Իրանի աշխուժացումը դուր չի գալիս, բայց երևում է՝ նրա պաշտպանության նախարարն ամեն ինչի վերաբերյալ ավելի իրատեսական պատկերացում ունի: Այդ թվում՝ խաղաղությունը տևական դարձնելու գործում Իրանի դերի մասին: 
 
Չմոռանանք, որ Իրանը իր ոխերիմ թշնամի Սաուդյան Արաբիային ևս կոչ էր արել՝ իր նման հրաժարվել պատրանքներից, թե հնարավոր է տարածաշրջանում իրար ներկայությումը հաշվի չառնել, և որպես կարևոր խաղացողներ՝ համագործակցել հանուն տարածաշրջանային անվտանգության: