Հայրը` բանկեր թալանող, որդին՝ ահաբեկիչ

ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻ ԿՈՂՔՆ Է ԸՆԿԵԼ

ԱՄՆ Նևադայի նահանգի Լաս-Վեգասում երեկ համերգը սպանդի վերածած Սթիվեն Կրեյգ Փեդոքի հայրը, պարզվում է,  իր ժամանակին բանկեր թալանող է եղել: Այդ մասին նույն օրը հայտնել է Սի-Էն-Էն հետուստաալիքը: Ըստ այդ հաղորդման՝ մի քանի տարի առաջ մահացած Սեմ Փեդոքը ՀԴԲ-ի ցանկում 10 ամենափնտրվող հանցագործներից մեկն է եղել, իսկ թոշակի անցնելուց առաջ հաշվապահ է աշխատել: Նա որսորդության արտոնագիր է ունեցել Ալյասկա նահանգից, ինչպես նաև թեթև ինքնաթիռ վարելու թույլտվություն: Ապրել է Նևադա նահանգում:
 
Որդին հորն այնքան է գերազանցել, որ «Mandalay Bay» հյուրանոցի կազինոյում մոլախաղերով զվարճանալուց հետո, նույն հյուրանոցի 32-րդ հարկից հրազենային կրակ է բացել դիմացի շենքում ընթացող համերգի ունկնդիրների վրա: Եվ եթե նրա հոր ավարը ժամանակին դոլարների տրցակներն են եղել, ապա Սթիվենն իր հետ այն աշխարհ է տարել վերջին տեղեկություններով՝ շուրջ 60 մարդ, վիրավորել 515-ին: Իր սև գործն անելուց հետո նա ինքն է վերջ տվել սեփական կյանքին՝ չսպասելով, որ ոստիկանությունը տեղ հասնի: 
 
Աշխարհը նորից ցնցված է հերթական անմարդկային իրադարձությունից, նորից դատապարտումի, ցավակցության խոսքեր են հնչում, փորձեր են արվում նման երևույթների պատճառները վերլուծել: ԱՄՆ նախագահ Թրամփը այլ խոսքեր չի գտել, քան կատարվածը «բացարձակ չարիք» որակելը: Իսկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարևը խոսել է կանխարգելիչ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, որն առաջին հերթին նշանակում է հարկ եղած չափով վերահսկողել զենքի շրջանառությունն ամբողջությամբ:
 
Ամենահատկանշականը, իհարկե, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունն է եղել, որով նա այդ սպանդի պատասխանատվությունն է ստանձնել: ԱՄՆ նախագահը դրան արձագանքել է, որ Սթիվեն Փեդոքի գործողությունները  ԻՊ-ի հետ առնչություն չունեն, և այս անգամ նա, թերևս, ճիշտ է: Պարզապես կատարվածը ահաբեկիչների սրտով ու ձեռագրով է, էլ ինչո՞ւ լրացուցիչ անգամ իրենց մասին հիշեցնելու առիթը բաց թողնեն:
 
Ժամանակին ԱՄՆ-ը ահաբեկիչների դեմ պատերազմ հայտարարելով՝ առիթն օգտագործեց Մերձավոր Արևելքի նավթառատ պետություններն իրար խառնելու և իր շահն առաջ տանելու համար: Ու աշխարհի բազմաթիվ երկրների հետ կոալիցիա կազմած՝ այնքան հիմնավոր պայքարեց, որ ահաբեկիչներն իրենց պետություն հայտարարեցին, իրենց «ակտիվում» բազմահազար զոհեր, խեղված ճակատագրեր, ավերակված շինություններ ու բնակավայրեր գրանցեցին: Անգամ չեն խորշում Փեդոքի նման ինքնագործունեությամբ զբաղվողների չարագործությունները սեփականել: 
 
Ցավալին այն է, որ այս ամենի վերջը չի երևում: Այսօր բազմաթիվ երկրների առաջին դեմքերը Թրամփին ցավակցական հեռագրեր են ուղարկում: Բայց լավ կլիներ՝ դրանք նաև գործնական առաջարկներ պարունակեին նման երևույթների ախտը մոլորակից իսպառ բացառելու վերաբերյալ և համատեղ իսկույն գործի անցնեին: