Ահաբեկիչները կենտրոնանում են Լիբիայում

ՄԱԿ-Ն ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՁԱԳԱՆՔԻ

Սիրիայում և Իրաքում պարտվող ահաբեկիչներն իրենց համար նոր «տաք անկյուններ» են փնտրում, որտեղ կկարողանան շարունակել իրենց մարդատյաց գործունեությունը: Այն ուժերը, որոնք ժամանակին նրանց պատրաստել են, զինել ու ամեն ինչով աջակցել, բնականաբար, այժմ էլ մտադիր չեն հրաժարվել նրանց «ծառայություններից»:

Ահաբեկիչների մնացորդներն այժմ ապաստան են գտնում ավելի ապահով վայրերում, որպեսզի փորձեն ուժերը հավաքել և նորից իրենց սև գործին անցնել: Նման մի ահազանգ երեկ հնչել է Լիբիայից:

Ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ ալ-Միսմարին Քաթարին մեղադրել է, թե «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայից Լիբիա է տեղափոխում:

Գնդապետը նաև հայտարարել է, թե պաշտոնական Դոհան շարունակում է ֆինանսավորել արդեն Լիբիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին: Նա զգուշացրել է, որ իր երկիր տեղափոխված ծայրահեղականները սկսել են միավորվել: Ըստ Միսմարի` ծայրահեղականությունը տարածելու նպատակով միություն են կազմում «Իսլամական պետությունը», «Մուսուլման եղբայրների» բջիջները և «Ալ Քայիդան» (գնդապետի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ-ը):   

Լիբիայի պաշտոնական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ին կոչ է արել վերացնել զենքի մատակարարման բեռնարգելքը, որպեսզի իր երկրի բանակը հնարավորություն ունենա վերականգնել կայունությունն ու պաշտպանվել ահաբեկչական խմբավորումներից:

- Դա նաև կնպաստի Միջերկրածովյան ավազանի անվտանգությանը,- նշել է գնդապետը:

Հայտնի չէ` 2011թ. Լիբիայում «արաբական գարուն» բոցավառած և քաղաքացիական պատերազմ հրահրելով` Քադաֆիի ծաղկուն պետությունը ավերակների վերածած արևմտյան երկրները «Իսլամական պետության» ի հայտ գալը և նրա վնասները պատկերացնո՞ւմ էին, թե՞ ոչ: Բայց որ այնտեղ ծայրահեղականների միավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել` այսօր արդեն ակնհայտ է:

Դժվար է ասել, թե ՄԱԿ-ը ինչպես կարձագանքի լիբիացի գնդապետի կոչին: Հնարավոր է` բեռնարգելքը պահպանելը հիմնավորված է, և այն վերացնելու որոշում չկայացվի: Սակայն եթե, այդուհանդերձ, Լիբիայից հնչող ահազանգն անպատասխան պիտի թողնի ու դրանով նպաստի ծայրահեղականների միավորմանը, ապա միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցն արդյո՞ք չի արժեզրկվի:

Ցավալին այն է, որ փաստը մնում է փաստ. ահաբեկչական խմբավորումներն իրենց համար գործունեության լայն ասպարեզներ են գտնում, հսկայական տարածքներ նվաճում, բազմաթիվ պետություններում աջակիցներ գտնում, բայց ՄԱԿ-ն այդ ամենի դեմ անզոր է: Նա միայն կարողացել է աշխարհի որոշ հետամնաց մահմեդական երկրների քվեների շնորհիվ ադրբեջանանպաստ չորս բանաձև ընդունել, որոնք պատեհ-անպատեհ վկայակոչում է մեր ոչ բարով հարևանը: