Թրամփը «վտանգավոր հոգեկան հիվանդ է»

ԱՄՆ-ում այս օրերին ընթերցողներին է առաջարկվել մի գիրք, որը վերլուծում է Թրամփի պահվածքը և նրան համարում աշխարհի ամենավտանգավոր մարդը: Գրքի հեղինակը, ինչպես հաղորդել է «Ինդեփենդենթը», Յելի համալսարանի հոգեբուժության առաջատար մասնագետ Բանդի Լին է՝ իր մի քանի գործընկերների հետ: 
 
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կարճատև գործունեությունն այնքան աղմկահարույց իրավիճակներ է ստեղծել, որ նրա հայրենակիցներն սկսել է լրջորեն մտահոգվել՝ երկրի ղեկավարը հոգեպես առո՞ղջ է արդյոք: Ընդ որում, այս հարցի պատասխանը ամբողջ աշխարհը կցանկանար իմանալ:
 
Գիրքը վերնագրված է «Դոնալդ Թրամփ վտանգավոր դեպքը» («The Dangerous Case of Donald Trump»): Հիշեցնենք, որ անգլերն «case» բառը նաև բժշկական եզրաբառ է և օգտագործվում է բուժվող, հիվանդ, պացիենտ, վիրավոր իմաստներով: 
 
Հեղինակները պնդում են, որ Թրամփը «վտանգավոր հոգեկան հիվանդ է», իսկ նրա նախագահությունը մարդկանց հոգեկան առողջության համար աննախադեպ հետևանքներ է առաջացրել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս: Գիրքը, ինչպես լրատվամիջոցն է նշել, ամբողջացվել է տարբեր մասնագետների հեղինակած առանձին գլուխներով, իսկ հեղինակները առաջատար հոգեբույժներ ու հոգեբաններ են, ինչպես նաև՝ լեզվաբան, լրատվամիջոցների վերլուծաբան և լրագրող:
 
Արդի աշխարհը պատերազմներով կործանելու համար թերևս միայն մեկ բան է պակասում՝ հզոր զինանոց ունեցող երկրներից մեկի ղեկավարը հոգեկան հիվանդ լինելը: Շատ է խոսվում, որ այժմ երկրի վրա այնքան  գերհզոր զինատեսակներ կան, որ դրանց չնչին մասն էլ է բավական մոլորակն ամայի գնդի վերածելու համար: Այն, որ ԱՄՆ նախագահի պահվածքը սովորական մարդկանց մեջ նրա հոգեկան առողջության մասին կասկածներ է առաջացնում, դեռ ոչինչ, հնարավոր է՝ նրանք սխալվում են: Սակայն բարձր որակավորում ունեցող մասնագետներն են այդ ախտորոշումը տվել. ուրեմն մարդիկ արդեն պետք է զգան, որ ոչ թե պարզապես վառոդի տակառի վրա են ապրում, այլ՝  այդ տակառի պատրույգը սկսել է մխալ: Որովհետև դեռ լավ է, եթե միայն մեկ միջուկային երկիր հոգեկանի ձեռքը հանձնված լիներ: 
 
Բայց երբ լսում ես ԱՄՆ-ի հակառակորդ ու նույնպես միջուկատեր Փհենյանից հնչող մեկնաբանությունները, երբ ցույց են տալիս, թե ինչպես են հյուսիսկորեացի երիտասարդները հայրենասիության կեղծ թվացող պաթոսով զանգվածաբար զինվորագրվում հայրենիքին (Թրամփի սպառնալիքից հետո, թե իրենց երկիրը կոչնչացնի), տեսնում ես, որ աշխարհը կործանման հասցնելու համար դեռ մի բան էլ ավելի պայմաններ կան:
 
Մի բան է մխիթարում: Հնարավոր է՝ երկրների զինանոցների բանալիներն այնուամենայնիվ ավելի հավասարակշիռ անհատների ձեռքին են, և դրա շնորհիվ է, որ Հիրոսիման ու Նագասակին արդեն քանի տասնամյակ եզակի են մնացել…