Ահաբեկիչներին հատուկ բջիջների միջոցով են հավաքագրում

Ահաբեկչական խմբավորումները անդամներով համալրելը, բնականաբար, ինքնահոսի չի թողնված: Չարագործներն այդ նպատակով ընդհատակյա բջիջներ են ստեղծում, որոնց անդամների պարտականությունն է գտնել և իրենց շարքերը բերել ապագա ահաբեկիչներին: (Բջիջ բառը չի՞ հիշեցնում խորհրդային իշխանության արշալույսը` իր կուսակցական բջիջներով ու մարդկանց ուղեղը թմրեցնելու եղանակներով):   

Այս օրերին Բելգիայում ոստիկանները կալանավորել են Իսպանիայի մի քաղաքացու` ծագումով մարոկկացի: Նրա նկատմամբ կասկած կա, թե ղեկավարում է ԻՊ ահաբեկչական խմբավորման համար անդամներ հավաքագրող բջիջը: Զավենտամ քաղաքում ձերբակալված 26-ամյա տղամարդն իր տունն ու սրճարանն օգտագործել է հանդիպումներ կազմակերպելու համար, մշտապես կապի մեջ է եղել ԻՊ հրամանատարների հետ, երկու անգամ էլ փորձել է մեկնել հակամարտության թեժ կետեր։

Երևի` վառոդի հոտ շնչելու և սեփական աչքերով տեսնելու իր աշխատանքի արյուոտ պտուղները: Նա նաև քարոզչական նյութեր է մատակարարել ահաբեկչական բջջին, իսկ երբ չի կարողացել հակամարտության գոտիներ հասնել` ջանքերը կենտրոնացրել է Բելգիայում հարձակումներ իրականացնելու վրա։

Իսպանիայում վերջին երկու տարում այս բջջի ևս երկու անդամի են ձերբակալել: Պատկերացնել միայն կարելի է, թե նման միավորներն ինչ քայքայիչ գործունեություն են իրականացնում, քանի խակ ջահելի տհաս ուղեղն են լցնում կյանքի իմաստի և ուրիշների կյանքը խլելու «ազնիվ» գործի մասին անհեթեթ պատմություններով, ինչ եղանակներ են կիրառում` նրանց վրա իշխելու և իրենց կույր կամակատարը դարձնելու համար: Եթե նրանք այդքան արդյունավետ չգործեին, այսօր ահաբեկիչների զոհերն ու պատճառած վնասներն այդքան շատ չէին լինի: Նվազ կլիներ նաև իրենց կենսագրությունը արյունով ու մահաբեր պայթյուններով գրած, սեփական ընտանիքների, երեխաների ապագան կեղծ գաղափարներին զոհաբերած մարդասպանների թիվը: 

Նման բջիջներ հայտնաբերելը, անշուշտ, հեշտ գործ չէ: Սակայն եթե տարբեր երկրների ոստիկանություններն ու  հատուկ ծառայություններն ավելի աչալուրջ լինեն, համագործակցեն, շատ չարիքներ կկանխվեն: Թե չէ` «խոսքի ազատություն» կասկածելի գաղափարի հիման վրա թույլ են տալիս, որ ով ինչ ցանկանա, այն էլ քարոզի:

Գրաքննությունը, իհարկե, նողկալի բան է, սակայն մի՞թե ավելի լավ չէ «գրաքննել» մարդկանց ուղեղները լվանալը և այլասերող գաղափարներ սերմանելը, քան թե հետո առանց «խոսքի սահմանափակման» լուսաբանել ԻՊ-ի հետ բախումների, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչական գործողությունների ժամանակագրությունն ու դաժանությունը: