Տարածաշրջանում նոր պատերազմը կանխելու ակնկալիքով

Արդեն ակնհայտ է, որ Իրաքի Քրդստանում քրդական անկախ պետություն հիմնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել և արձանագրել ընտրողների 90%-ից ավելիի դրական պատասխանը:
 
Սա որքան էլ սպասելի իրադարձություն էր, սակայն աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել: Տարբեր պետություններ ու միջազգային կառույցներ արդեն գնահատականներ, կոչեր կամ սպառնալիքներ են հնչեցրել:
 
Արաբական պետությունների լիգան, օրինակ իրաքցիներին կոչ է անում հրաժարվել տարաձայնություններից և երկկողմ երկխոսություն սկսել, որպեսզի բախումներից հնարավոր լինի խուսափել:
 
- Կարելի է այդ քայլի հետևանքներն առաջվա նման զսպել, եթե բոլոր շահագրգիռ կողմերն իմաստություն ու պատասխանատվություն դրսևորեն ու առաջնորդվեն Իրաք պետության չափորոշիչների շրջանակում,-ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։
 
Իր գնահատականներում ավելի պերճախոս է եղել լիբանանյան «Հզբոլահ» շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամադ Ռաադը: Թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը փոխանցել է Բեքաայում կազմակերպված միջոցառման ժամանակ նրա հնչեցրած խոսքը.
 
- Իրաքի Քրդստանի անկախանալու ձգտումն այնքան էլ անմեղ նախաձեռնություն չէ: Խելամիտ քրդերը պետք է դաս քաղեն այս ամենից և որքան հնարավոր է՝ շուտ հետ կանգնեն նման սխալից:
 
Ռաադը կոչ է արել դաս քաղել տարածաշրջանի մյուս ժողովուրդների վերապրածներից: 
 
Իսկ սահմանակից Թուրքիան բացահայտ սպառնացել է սովամահ անել անկախանալ ձգտող Քրդստանի բնակչությանը: 
 
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրաքվեին դեմ են արտահայտվել պաշտոնական Բաղդադը, Իրանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Սիրիան, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք միջազգային կառույցներ: Կողմ է Իսրայելը: Այս հանգամանքը Էրդողանը չի անտեսել:
 
- Հենց որ բեռնատարները դադարեն Հյուսիսային Իրաք ուղևորվել, այնտեղ ուտելու ոչինչ չի լինի։ Ինչպե՞ս կարող է Իսրայելը նրանց ինչ-որ բան մատակարարել։ Խնդրեմ՝ թող փորձի,- ասել է Էրդողանը։
 
Թերևս հենց Թուրքիան է, որ Քրդստանին դասեր տալու իրավունք չունի: Քոչվոր թուրքերն այժմ անկախ պետության տեր են, իսկ ինչո՞ւ քոչվոր քրդերը չեն կարող նույնպես անկախ պետություն ունենալ: Մանավանդ՝ քրդերի պետությունը գոնե մի տարածաշրջանում է, հենց որտեղ ծագել ու տարածվել են իրանալեզու այդ ցեղերը: Մինչդեռ թուրքերն այստեղ են ներխուժել միջինասիական անապատներից ու ալան-թալանի սկզբունքով են պետություն հիմնել, ոչ թե քրդերի նման՝ աշխարհի աչքի առջև կայացած հանրաքվեով: Սա իմանալով՝ քրդերն ինչո՞ւ չպետք է աշխարհն իրար խառնեն ու իրենց բաժին անկախությունը պոկեն, թեկուզև՝ ի վնաս տարածաշրջանի բոլոր պետությունների, ազգերի, ցեղերի…  
 
Հարցը հենց սա է՝ քանի դեռ աշխարհը հանդուրժում է Թուրքիայի, Ադրբեջանի, սրանց նման այլ պետությունների գոյությունը, նրանց հետ հաշվի է նստում ու անպատժելիության մթնոլորտ ստեղծելով՝ երես տալիս, աշխարհում խաղաղություն չի լինելու: Աշխարհի անհանդուրժողականության սլաքը վաղուց շեղվել է: