Տարոսը մե՛զ

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կասեցրել է այդ երկրում «Եհովայի վկաների» գործունեությունը: Այս մասին հաղորդում է տարածել ՌԴ արդարադատության նախարարությունը: Այնտեղ նշվում է, որ ծայրահեղական գործունեություն ծավալելու կապակցությամբ «Ռուսաստանում Եհովայի վկաների ղեկավարման կենտրոն» կրոնական կազմակերպությունը ընդգրկվել է հասարակական և կրոնական այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը կասեցված է: 

 
2017թ. փետրվարին «Եհովայի վկաների» գլխավոր գրասենյակի արտահերթ ստուգումները պարզել են, որ այդ կազմակերպությունը խատում է թե՛ իր սեփական կանոնադրությունը, թե՛ ՌԴ օրենքները, որոնց թվում՝ նաև «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» օրենքը: Սրանից հետո է ՌԴ արդարադատության նախարարությունը հայց մշակել և ներկայացրել ՌԴ գերագույն դատարան՝ «Եհովայի վկաների» գործունեությունն արգելելու պահանջով:Այդ մասին վերջնական որոշումը դատարանը կայացնելու է ապրիլի 5-ին: Իսկ կազմակերպությունից արդեն սպառնալիքներ են հնչել, որ եթե այդ հայցը բավարարվի, ՌԴ-ում դավանանքի ազատության համար աղետալի հետևանքներ կունենա:  
 
Որ ցանկացած երկրի պարագայում այդ հզոր կազմակերպությունը «աղետալի հետևանքներ» ստեղծելու մեծ վարպետ է, կասկած լինել չի կարող: Ենթադրել միայն կարելի է, թե ամբողջ Արևմուտքն ինչ ոգևորությամբ է Ռուսաստանին քարկոծելու (եթե իհարկե՝ ՌԴ գերագույն դատարանը համարձակվի հայցը բավարարել), թե տեսեք ինչ բռնապետություն է և ինչպես է ճնշում խղճի ազատությանը: Մինչդեռ քայքայիչ աղանդների գործած ավերածությունները նրանց հաստա՛տ չեն հետաքրքրելու:
 
Իսկ ՀՀ-ն ամենատարբեր կրոնական կազմակերպությունների, այլ կերպ ասած՝ քայքայիչ աղանդների աշխույժ թատերաբեմ է դարձել: Մագնիսի հանդիպած երկաթի նման նրանք բոլորը ձգվում են դեպի մեր սուրբ հողը, բթացնում մարդկանց ուղեղները, տիրանում նրանց ունեցվածքներին, մի քանի գրքույկ ձեռքները տալով՝ կանանց ու աղջիկներին փողոցները գցում՝ իբր թե հավատ քարոզելու, մտնում են տուն ու ընտանիք, դասալիք դարձնում զինվորացուին, ինքնասպանության մղում խակ ուղեղներին…
 
«Եհովայի վկաներն» անշուշտ այս տեսանկյունից առաջինների թվում են: Երբևէ մեր Արդարադատության նախարարությունը նո՞ւյնպես նրաց գործունեության մեջ խախտում կնկատի, թե՞ թույլ կտա, որ հոգեորսության իրենց խրախճանքն անպատիժ շարունակեն: