Ազգայնականները Բունդեսթագում մանդատներ կունենան

ՎԵՐԱԴԱՐՁ՝ 72 ՏԱՐԻ ԱՆՑ

Այս ընտրություններով Մերկելը փաստորեն միանգամայն անփառունակ հաղթանակ տարավ և չորրորդ անգամ դարձավ Գերմանիայի կանցլերը: Եվրոպայի կենտրոնում տարածվող այս հզոր երկրի քաղաքական կայունությունն ու ճիշտ ընթացքը շատ կարևոր են: Չմոռանանք՝ համաշխարհային երկու պատերազմներն էլ 20-րդ դարում սկսվել են Գերմանիայի պատճառով, իսկ երրորդը բացառելը բոլորին է անհրաժեշտ:
 
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն այդ երկրի քաղաքական դաշտի նոր պատկերն են ուրվագծել: Նախ, կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը վերջին 68 տարվա նվազագույն մանդատներն է ստացել՝ 246 (քվեների 33% արդյունքով): Սա ամբողջ 65-ով պակաս է նախորդ ընտրությունների արդյունքից:  Այսպիսով, «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը Գերմանիայի խորհրդարանի 709 մանդատներից ամենաշատը կունենա «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը, սակայն վճռական որոշումներ  կայացնելու համար 33%-ը ոչ մի հնարավորություն չի տալիս: Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» ձայների 20%-ն է հավաքել և 153 մանդատ ձեռք բերել:
 
Արդեն խոսվում է այն մասին, որ Անգելա Մեկելը մտադիր է Շուլցի կուսակցության հետ կոալիցիա կազմել, մինչդեռ Շուլցը հայտարարել է, թե իր քաղաքական ուժը ընդդիմադիր է լինելու: Մերկելի համար, իհարկե, ավելի դյուրին կլիներ համագործակցել խորհրդարանում 20% ձայն ունեցող այս ուժի հետ, որի դեպքում Բունդեսթագում թելադրող լինելու համար 50%-ից ավելի ձայն կունենար: Հակառակ պարագայում Մերկելը ստիպված կլինի իր կողմը գրավել միանգամից մի քանի կուսակցության, քանի որ մանդատների թվով երրորդ կուսակցությունը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը, ընտրողների  ընդամենը 13,5%-ի ձայներն է հավաքել (94 մադատ): Ու հենց այս կուսակցությունն է, որի Բունդեսթագ մտնելը որոշ տեսանկյունից աղմկահարույց է: 
 
Մերկելն արդեն իսկ ակնարկել է, որ մեծամասնություն ունենալու համար պատրաստ է բանակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բացառությամբ այս մեկի: Հենց այս կուսակցությունն  է, որ ընտրությունների հաջորդ օրը դրդապատճառ է դարձել հարյուրավոր բողոքավորների փողոց դուրս գալուն: Ազգայնականների այս կուսակցությունը առաջարկում է սահմանափակել ներգաղթը և դեմ է Գերմանիայում իսլամի տարածմանը: Ցուցարարների կարգախոսն է եղել՝ նացիստնե՛ր, հեռացեք: 
 
1945 թվականից ի վեր Գերմանիայում ազգայնական ուժն առաջին անգամ է խորհրդարան մտնելու չափ ձայներ ստանում, ինչն էլ նշանկում է, որ այդ երկրում այսօր առկա իրավիճակը հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ է մտցրել: Սա կարելի է համարել երկրի իսլամացման դեմ բողոքի մի ձև, սակայն դեռ հարց է, թե որն է ավելի մեծ վտանգ պարունակում: 
 
Իսլամացումը օտար մշակույթ, բարքեր ու կենցաղ պարտադրելուց բացի նաև ահաբեկիչների հնարավոր գործողություններով է սպառնում: Ինչ վերաբերում է նացիստական հայացքների տեր քաղաքական ուժին ու նրան սատարողներին, աշխարհը դրա արհավիրքը մեկ անգամ արդեն տեսել է ու կուշտ է: