Մեծ Բրիտանիան առաքելությո՞ւն ունի

 
Եվրոպական միություն կառույցի գործունեության հետևանքն է, թե ոչ, սակայն դրա գոյության ժամանակաընթացքում Եվրոպայի ժողովրդագրական դեմքը լիովին փոխվեց: Համատարած քրիստոնեական աշխարհամասում  (չնչին բացառություններով) իսլամի օրենքներով ապրողներն արդեն ապրելակերպ, ճաշակ, գաղափարներ են թելադրում:
 
Եվրոպացիների համեմատությամբ մի քանի անգամ ավելի շատ երեխաներ ունենալով՝ նրանք գուցե շուտով աշխարհամասում մեծամասնություն կազմեն: Դրանով մեր մոլորակն է իր դեմքը կորցնում՝ զրկվելով բնորոշ գծերից ու բազմազանությունից, նաև մարդաբանական տեսակներից մեկից:
 
Այնպես որ՝ գուցե Մեծ Բրիտանիայի «մարտիրոսությունը» առաքելություն ունի՝ Եվրոպային հնարավորություն տալ, որ Եվրոպա մնա:      
 
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու որոշում կայացրեց և, դատելով դրան հաջորդող գործընթացներից, հայտնվեց մի իսկական ճահճում: Աշխարհի լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում այն բոլոր «գլխացավանքներին», որոնց միջով պետք է անցնի Միացյալ Թագավորությունը: 
 
«Բրեքզիթ» անունով հայտնի այդ գործընթացը, որը տարիներ է տևելու, Անգլիայի վրա առաջին հերթին մեծ գումարներ է նստում: Այժմ էլ պարզվում է՝ եվրոպական միացյալ կառույցից հեռնալուց հետո երկու տարի շարունակ պետք է հետևի նրա կանոններին ու չափանիշներին, կատարի ԵՄ օրենսդրության բոլոր դրույթները:
 
Դա է Եվրոպայի ներքին շուկա մուտք ունենալու գինը: Սեպտեմբերի 25-ին Բրյուսելում այդ մասին խոսել է Եվրամիության պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեն: Նա նաև շեշտել է, որ երկու տարվա անցումային շրջանի մասին միտքը հենց Լոնդոնն է առաջ քաշել, իսկ Բրյուսելին մնում է որոշում կայացնել՝ նախ և առաջ հաշվի առնելով Եվրամիության շահը:   
Դժվար է Մեծ Բրիտանիան Եվրոպայից անջատ պատկերացնել:
 
Աշխարհագրությունը դեռ մի կողմ, չէ՞ որ այդ պետությունը անքակտելիորեն սերտաճած է աշխարհամասի բոլոր գործընթացներին ու կառույցներին: Իսկ Եվրոպայի ներքին շուկայից զրկվելը ցանկացած պետության համար իսկական աղետ կլիներ: Չէ՞ որ երկրների զարգացման ու ծավալապաշտության հիմքում այսօր վաճառահանման շուկաներ նվաճելու տրամաբանությունն է դրված: Այդ շուկաները չկորցնելու համար Մեծ Բրիտանիան ինչե՞ր չի անի, նույնիսկ գուցե մի նոր հանրաքվե անի և նորի՞ց Եվրամիության գիրկը վերադառնա: 
 
Իրոք, առանց Մեծ Բրիտանիայի Եվրամիություն պատկերացնելը դժվար է, որքան էլ փորձենք բրիտանական կղզիները մայրցամաքից անջատ համարել: Դրա համար էլ թվում է՝ կա՛մ Մեծ Բրիտանիան մի օր նորից «անառակ որդու» նման այնտեղ կվերդառնա, ու նրան կընդունեն գրկաբաց ու պատիվներով, կա՛մ Եվրամիությունը աստիճանաբար կվերադառնա եվրոպական առանձին պետությունների հարևանության կարգավիճակին՝ բոլորին հնարավորություն տալով ապրել ըստ դարերով ձևավորված ավանդույթների՝ սեփական ազգային ու պետական շահերի, լեզվի ու մշակույթի օրենքներով: