Ով է դեմ և ով է կողմ

ԿԿԱՅԱՆԱ՞ ՔՐԴՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Իրաքցի քրդերի անկախությանն այս օրերին կողմ է արտահայտվել միայն Իսրայելը:
 
Աշխարհի ամենառազմականացված պետություններից մեկը լինելով՝ չի բացառվում, որ Թել Ավիվը նաև ռազմական օգնություն խոստացած լինի Բարզանիին ու անկախություն երազող  մյուս քրդերին: Մանավանդ՝ հանրաքվեին դեմ արտահայտվող երկրների թվում է Իսրայելի երդվյալ թշնամի Իրանը:  Սրանով նա, թերևս, ակնկալում է թշնամիներով շրջապատված տարածաշրջանում բարեկամ ու աջակից ձեռք բերել:
 
Քրդստանի անկախության հանրաքվեին ընդամենը երեք օր է մնում, և դրա վերաբերյալ կոչերն ու հայտարությունները գնալով ավելի ծանրակշիռ են դառնում: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ամբիոնն օգտագործելով՝ Իրաքի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն Իրաքի Քրդստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել հանրաքվեից: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
 
- Նախարարներն աներկբա կողմ են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը և մտահոգված են, թե հանրաքվեն կարող է մեծ ռիսկի տակ դնել ԻՊ դեմ պայքարում Իրաքի նվաճումները։ Հանրաքվեն ապակառուցողական է և կարող  է տարածաշրջանում նոր հակամարտությունների պատճառ դառնալ։ Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական ղեկավարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանրաքվե անցկացնելուց, ինչպես նաև համաձայնել են դրա կապակցությամբ քննարկել համակարգված պատասխան գործողությունների ընդունման հարցը։
 
Բաղդադի և Էրբիլի (քաղաք Իրաքում) միջև եղած խնդիրների լուծման միակ ուղին նրանք համարել են Իրաքի սահմանադրության շրջանակներում կառուցողական երկխոսությունը: 
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին կոշտ արձագանք է հնչեցրել Նաև Սաուդյան Արաբիան՝ շեշտելով իր անհամաձայնությունն անցկացվելիք հանրաքվեին: 
Սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեին դեմ է արտահայատվել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Ամերիկացիները նույնպես երկխոսության կոչ են ուղղել:
 
- ԱՄՆ-ը կտրականապես դեմ է անկախության հանրաքվեին, որը Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը նախատեսել է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Իրաքի բոլոր հարևանները և գրեթե ամբողջ միջազգային հանրությունը նույնպես դեմ են հանդես գալիս,-նշված  է ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության՝ սեպտեմբերի 21-ին տարածած հայտարարության մեջ: 
 
Պետքարտուղարությունից զգուշացրել են, որ հանրաքվեն անցկացնելու դեպքում կփոքրանա Իրաքի դաշնային կառավարության և Իրաքի Քրդստանի իշխանությունների միջև բանակցությունների հավանականությունը, և դրա համար բարձր գին կվճարեն բոլոր իրաքցիները՝ քրդերը ներռայալ: ԱՄՆ-ի պետքարտուղարությանը մտահոգել է նաև հանրաքվեի բացասական անդրադարձը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերը համակարգելու գործում: Ինչպես նաև՝ բացասաբար կազդի Իրաքյան Քուրդիստանի և տարածաշրջանային հարևանների միջև առևտրային հարաբերությունների, միջազգային օգնության հնարավորությունների վրա:
 
Անկարայի և Թեհրանի կոչերին արձագանքել է Քրդական ինքնավարության նախագահի մամուլի գծով խորհրդական Քիֆահ Սինջարին.
 
- Քրդական շրջանը 1991թ. ի վեր ցույց է տվել, որ լավ հարևան է ինչպես թուրքերի, այնպես էլ իրանցիների համար: Ոչ մի երկրի ներքին գործերին միջամտության դեպքեր չեն գրանցվել։  Այնպես որ, ես կարծում եմ՝ Իրանի և Թուրքիայի ղեկավարները հանդես կգան նոր պետությունը հարգելու նախաձեռնությամբ: 
 
Ակնհայտ է, որ պաշտոնական Էրբիլը հանրաքվեից և դրա շնորհիվ լիովին անկախ պետություն դառնալու հնարավորությունից հրաժարվելու մտադրություն չունի: Իսկ դրա դառը հետևանքները հետագայում կերևան: Մնում է, որ Հայաստանը և տարածաշրջանում գտնվող հայերը կարողանան ժամանակին գնահատել իրավիճակը և հնարավորինս «չոր» դուրս գալ այս վտանգավոր ջրերից: