ՆԱՏՕ-ի ղեկավարը գովաբանել է Էրդողանին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին ելույթ է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը չի զլացել գովաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ասելով, թե նա ՆԱՏՕ-ին հավատարիմ է ոչ միայն բառերով, այլև գործով:
 
Խոսելով Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնելու փաստի մասին, Սթոլթենբերգը Թուրքիայի գործելակերպը արդարացրել է նրանով, որ դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ սպառազինություն է գնում։ Իսկ որ իր լիիրավ անդամը ռազմական գործարք է կնքում այն երկրի հետ, որին հակադրվելու համար էլ նույն ՆԱՏՕ-ն ստեղծվել է՝ կարելի է անտեսել:
 
Իսկ ահա միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ-ի պայմանագիրը (որին «Ավանգարդը» երեկ անդրադարձել էր) դուր չի եկել Սթոլթենբերգին ու նրա ղեկավարած դաշինքին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարություն են տարածել, որտեղ մտավախություն են հայտնել, որ եթե այդ   պայմանագրին չմիանա միջուկային զենք ունեցող որևէ երկիր՝ այն արդյունավետ չի լինի, չի նպաստի միջուկային զինանոցի կրճատմանը, երկրների անվտանգության ամրապնդմանը, միջազգային խաղաղությանն ու կայունությանը։ Դաշինքի անդամ երկրները համարում են, որ ՄԱԿ-ի պայմանագիրը հակասում է չտարածման ու զինաթափման առկա «ճարտարապետությանը»։ 
 
- Արգելքի մասին պայմանագիրը, մեր կարծիքով, անտեսում է անվտանգության առավել բարդ միջազգային իրողությունները։ Մինչդեռ աճող սպառնալիքներին ընդառաջ՝ աշխարհն այժմ պետք է միասնական մնա: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն լուրջ սպառնալիքին, որը ստեղծում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։ Պայմանագիրը հաշվի չի առնում անվտանգության այդ խնդիրները։ ՆԱՏՕ-ի միջուկային ներուժի հիմնական նպատակը խաղաղության պահպանումը, հարկադրանքի կանխումն ու ագրեսիայի զսպումն է։ Քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, ՆԱՏՕ-ն մնում է միջուկային դաշինք։ Մենք մեր գործընկերներին ու այդ պայմանագրի աջակցության հարցը դիտարկող բոլոր երկրներին կոչ ենք անում լրջորեն խորհել դրա հետևանքների մասին՝ ելնելով միջազգային խաղաղության ու անվտանգության դիրքերից։
 
Դաշինքի անդամ երկրների անունից տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ միջուկային զենքի հարցում այդ երկրների իրավական պարտավորություններում որևէ փոփոխություն չի լինի։ 
 
Արդեն հայտարարվել է, որ տվյալ պայմանագիրը  վավերացրել է 50-ից ավելի երկիր, իսկ ուժի մեջ մտնելու համար հենց այդքան ստորագրություն է պահանջվում: Միայն թե պարզվում է, որ դա ոչ միայն անօգուտ է, այլ նույնիսկ վնասակար՝ ՆԱՏՕ-ի հայտարարությունից ելնելով: Սթոլթենբերգի ղեկավարած դաշինքը հավանություն չի տալիս, որ բոլոր երկրներին արգելվի՝ հզորացնել միջուկային զինանոցը, սակայն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառազինության և մեծ հեռահարության հրթիռների կատարելագործումը:  
 
Իսկ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիան թեև միջուկային զենք չունի, սակայն նրա նախագահ Էրդողանը կարծես հավակնություններով ու սեփական անձի մեծրումով քիչ է տարբերվում Հյուսիսասյին Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընից: Այնպես որ՝ Սթոլթենբերգը եթե անաչառ լիներ, չպետք է Անկարային գովանաբեր, Փհենյանին դատապարտեր: Բայց ի՞նչ կարող ես անել՝ այն, ինչ թույլատրելի է «բարեկամիդ», թշնամիդ դրա համար կդատապարտվի: