Ո՞վ կարող է արգելել աշխարհի հզորներին

Ի՞ՆՉ ՈՒԺ ՈՒՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Իսկ ո՞վ չգիտի, որ աշխարհի «մուրճն էլ, սալն էլ» հենց ատոմայի զենք ունեցող այդ երկրների ձեռքին է, և ՄԱԿ-ն այստեղ, ըստ էության, միայն հերթական միջոցառումն իրականացնողն է, ինչպիսին որ  «միջուկային զենքի արգելում» հավակնոտ անունը կրող այս համաձայնագիրն է ու դրան նախորդող մնացած անօգուտ փաստաթղթերը: 
 
ՄԱկ-ում կազմվել է միջուկային զենքի արգելման վերաբերյալ համաձայնագիր, որն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դրվել է այն ստորագրել ցանկացող երկրների տրամադրության տակ: ՄԱԿ կենտրոնակայանում դրա առթիվ հանդիսավոր արարողություն է նախատեսված՝ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 90 օր այց այն պահից, երբ դրա տակ 50 երկրի ստորագրություն կհայտնվի, իսկ նախօրեին ՄԱԿ Իրավական հարցերի վարչության համապատասխան բաժինը հավաստիացրել է, թե փաստաթուղթը ստորագրության համար բացելու հենց առաջին օրը 51 երկիր այն կվավերացնի: 
 
Փաստաթղթի տեքստը մասնակիցներին պարտավորեցնում է «երբեք և ոչ մի պարագայում» չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, դա չկիրառել կամ կիրառմամբ չսպառնալ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համաձայնագրին միացած երկրներին նաև կարգելվի իրենց տարածքում այլ պետությունների միջուկային զենք տեղակայել:
 
Թվում է՝ այս փաստաթուղթը կոչված է հանգուցալուծելու Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, աշխարհն էլ դարձնելու ատոմային զենքից զերծ ապահով տարածք: Պարզվում է, սակայն, որ զուր հույսեր են: Միջուկային ոչ մի տերություն այս համաձայնագրի կազմմանը չի մասնակցել, բնականաբար մտադրություն էլ չունի իր ստորագրությամբ այն վավերացնել: Ուրեմն, եթե ՄԱԿ անդամ մնացած բոլոր պետությունները դրա տակ ստորագրեն թեկուզ հաշված րոպեների ընթացքում, դա մոլորակի անվտանգության բաղդրիչին ծեղ անգամ չի ավելացնի: 
 
Ու այս պարագայում անհասկանալի է մնում, թե ինչ է տոնում պետությունների հարաբերությունները կարգավորելու կոչված ՄԱԿ ղեկավարությունն իր կենտրոնակայանում: Սրանով միջուկային զենք ունեցող երկրների համար սպառնալիք ստեղծելու և մնացածներին ծնկի բերելու ավելի մեծ հնարավորություններ չի՞ ընձեռում արդյոք: Այսօր պատժամիջոցներով փորձում են զսպել միայն Հյուսիսային Կորեային (Իրանի հանգամանքը չանտեսելով): Իսկ գուցե պետք է պատժամիջոցների ցանկում ընդգրկել բոլոր այն միջուկային տերությունները, որոնք համաձայնագիրը չեն ստորագրի: Դա կարող է աշխարհի ապահովությանն ուղղված ուղղակի սպառնալիք դիտվել: