Թուրքիային հզորացնելը Ռուսաստանին ի՞նչ է տալիս

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ՛

Ամբողջ 19-րդ դարը ռուս-թուրքական պատերազմների տարեթվերով է ընդգծված, բայց թվում է՝ Ռուսաստանը դրանցից դասեր չի քաղում: Այսօր էլ ատոմակայան կառուցելով Թուրքայի համար և հարձակողական զենքերով սպառազինելով իր ապօրինի զավակ Ադրբեջանին՝ աշխարհի ու գուցե նաև հենց իր համար նոր գլխացավանք է ստեղծում:
 
Բայց ամենամեծ գլխացավանքը ստեղծում է մեզ՝ իր «ռազմավարական դաշնակից» Հայաստանի ու բոլոր հայերիս համար: Այն հայերի, ովքեր Ռուսաստանի ատոմային նվաճումների ու հզոր զինատեսակների ստեղծման  գործում հաստատապես նշանակալի ներդրում ունեն: Իսկ ամենացավալին այն է, որ մենք նույնպես այս ամենից որևէ դաս չենք քաղում, կամ քաղած դասից օգտվել չենք կարողանում:   
 
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն ու դեսպանին սպանելը Թուրքիան մեծ հաջողությամբ մարսեց: 2017թ. թուրքական ծովափերը ռուս հանգստացողների պակաս չունեցան, այժմ էլ արդեն տեղեկություններ են տարածվում, որ «Ռոսատոմ» պետական ձեռնարկությունը սկսել է  «Ակույու» ատոմակայանի շինարարությունը: Թուրքիայի առաջին այս ատոմակայանի շինարարության մեկնարկի մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովի 61-րդ նստաշրջանի ժամանակ հայտնել է ռուսաստանյան ձեռնարկատիրության ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը (ըստ ՏԱՍՍ գործակալության):  
 
«Ռոսատոմի» ղեկավարը հույս է հայտնել, թե մինչև տարեվերջ Թուրքիայում ատոմակայան կառուցելու արտոնագիր կստանան և նշել է, որ  սկսված աշխատանքները ներառում են նաև հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունը։
 
Միջուկային այս միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2010թ.: 20 մլրդ դոլար գնահատվող նախագիծը նախատեսում է 4800 ՄՎտ ընդհանուր հզորության չորս էներգաբլոկների կառուցում։ «Ռոսատոմը» մտադիր է թուրքական «Ակույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը գործարկել արդեն 2023թ.։
 
Որքան էլ վտանգներ պարունակող, այնուամենայնիվ ատոնակայան ունենալը որևէ երկրի տնտեսական հզորությանը մեծապես նպաստող գործոն է: Շատ դեպքերում ոչ այնքան բացահայտ խոսվում է այն մասին, որ դա նաև որոշակի ռազմական առավելություն է ընձեռում: Մենք հո լավ գիտենք, որ հայկական ատոմակայանի առկայությունը թուրքական ոչ բարով մեր հարևան պետությունները ժամանակ առ ժամանակ շահարկում են՝ ի ցույց դնելով նրանից բխող իրենց վախերը:  
 
Թուրքիային այսպիսի նվեր մատուցելով՝ Ռուսաստանը միանգամայն գիտակցված կերպով հզորացնում է մի պետության, որը ցեղասպանություն է իրականացրել և այսօր արդեն պատուհաս է դարձել աշխարհի համար: Ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ այն օրերին, երբ թուրքական զինուժը նոր էր ռուսական ինքնաթիռը խոցել և երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան լարվել էին, Ռուսաստանի իշխանությունները պնդում էին, թե ոչինչ չի կարող խանգարել ատոմակայանի շինարարությանը: 
 
Երբ թռուցիկ հայացք ես ձգում նաև ոչ վաղ անցյալի պատմությանը, այնպիսի տպավորություն է առաջանում, թե Ռուսաստանը անընդհատ փորձում է Թուրքիային մեծամեծ նվերներ մատուցել (հենց միայն բուն հայկական տարածքների վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը), իսկ Թուրքիան դրան թուրքավարի՝ սև ապերախտությամբ է պատասխանում: 
 
Դե, իրար արժանի գործընկերներ են: