Երբ կոչերը որպես սպսռնալիք են հնչեցվում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համաքաղաքական քննարկման ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է տարածել՝ Կորեական թերակղզու ատոմային թնջուկը կարգավորելու վերաբերյալ: Նա հայտարարել է, որ խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա և մտավախություն է հայտնել, թե պատերազմից խուսափել հնարավոր չի լինի: Գուտերեշն ասել է, որ տվյալ պահը պահանջում է հմուտ ղեկավարում ապահովել:
 
- Այլ կերպ ասած՝ բոլոր երկրները պետք է ցույց տան, որ կողմ են առանց ատոմային զենքի աշխարհ ունենալուն: Հատուկ պատասխանատվություն ունեն այն երկրները, որոնք ատոմային զենք ունեն,- իր բացման խոսքում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
 
Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի վերաբերյալ առավել կոշտ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նույն քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, թե ԱՄՆ-ին սպառնալու դեպքում իրենք ստիպված կլինեն վերջ տալ Հյուսիսային Կորեայի գոյությանը: Թրամփը Փհենյանի բալիստիկական զենքն անվանել է սպառնալիք՝ ամբողջ աշխարհի համար: Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ ԿԺԴՀ-ն պետք է գիտակցի, որ միակ տարբերակը ատոմային զենքից հրաժարվելն է, հակառակ դեպքում աշխարհի երկրները պետք է ոչնչացնեն Կիմ Չեն Ընի վարչակարգը: Փհենյանի հադեպ պատժամիջոցներին Թրամփն այնքան մեծ նշանակություն է  տվել, որ չի զլացել շնորհակալություն հայտնել անգամ Ռուսաստանին՝ դրա վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու համար: Նաև չի մոռացել շեշտել, որ Կորեական թերակղզու միջուկային սպառնալիքը վերացնելու համար դեռևս շատ գործ կա անելու: 
 
Ըստ ԱՄՆ-ի նախագահի՝ Փհենյանը ոչ միայն սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղությանը, այլև պատասխանատու է սեփական երկրի միլիոնավոր բնակիչների սովի ու մահվան համար: Մինչդեռ Կիմ Չեն Ընը, որի խանդավառ դեմքը աշխարհի լրատվամիջոցները մեկ-երկու օր առաջ ցույց տվեցին հերթական բալիստիկական հիթիռը արձակելու պահին, անվարան հայտարարել է, թե իր երկրի նկատմամբ պատժամիջոցները միայն ավելի են ամրապնդում միջուկային զինանոցը հզորացնելու իրենց ձգտումը: 
 
Երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասում է, թե հատուկ պատասխանատվություն ունեն այն երկրները, որոնք ատոմային զենք ունեն, գուցե նաև սա՞ նկատի ունի:
 
Գուցե Կորեական թերակղզու միջուկային թնջուկի համար «գորդյան հանգույցի» դերը պետք է խաղա աշխարհի ամբողջ միջուկային զինանոցը ոչնչացնելը, որից հետո Փհենյանն էլ խելոք երեխայի նույնկերպ կվարվի: Բայց քանի դեռ կոչեր են անում ու սպառնալիքներ հնչեցնում իրենց հզորությունը ատոմային զինանոցով պարտադրող պետությունները, Փհենյանի օրինակին ուրիշ պետություններ էլ են հետևելու՝ ավելի ու ավելի մեծացնելով մոլորակին սպառնացող վտանգը: