Կեղծիքի հեղեղ՝ ստեղծված նավթագազային եկամուտներով

Մինչ աշխարհում նորանոր բացահայտումներ են արվում, որոնք մերկացնում են Բաքվի կաշառակեր ու բռնատիրական էությունը, միջազգային բազմաթիվ խաղացողների ձեռամբ այնտեղ թարմացվում է «դարի պայմանագիրը»:
 
Խոսքը «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթագազային հանքավայրի շահագործման մասին է: «Ազերթաջը» հաղորդել է, որ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է այդ պայմանագրի ժամկետները երկարաձգել մինչև 2050թ.: 
 
Նոր համաձայնագրով Ադրբեջանական SOCAR ընկերության մասնաբաժինը 11,65%-ից հասել է 25%-ի: Այն ստորագրել են բրիտանական BP, ամերիկյան «Chevron», «ExxonMobil», նորվեգական «StatOil», թուրքական «TPAO», ճապոնական «Inpex», «Itochu» և այլ ընկերություններ: Նախագահ Ալիևն էլ նշել է, թե պայմանագրի ստորագրումից հետո օտարերկրացի ներդրողները, տարբեր բոնուսների տեսքով, Ադրբեջանին 3,6 միլիարդ դոլար կվճարեն: 
 
Հանուն վառելիքիաէներգետիկ շահերի՝ ինչե՞ր միայն չեն շրջանցի աշխարհի հզորագույն երկրների նավթային ընկերությունները: Քանի դեռ Ադրբեջանում նավթ կա, որը կարելի է սեփական շահերի համար օգտագործել, վերը նշված ընկերությունները և նրանց թիկունքին կանգնած պետությունները ոչ միայն կհամագործակցեն, այլև երկու ձեռքով կողմ կքվեարկեն նրա զավթողական նկրտումներին: Այնքան ժամանակ՝ մինչև վերջին կաթիլ նավթն այնտեղից դուրս կկորզեն կամ դրան փոխարինող ուրիշ միջոց կգտնեն: Հենց այդ ժամանկ էլ իրերն իրենց ճիշտ անուններով կկոչվեն՝ Ադրբեջանը և՛ արհեստականորեն սարքած պետություն կհամարվի, և՛ իսկական բռնատիրություն, և՛ զավթիչ ու պատերազմի հանցագործ: 
 
Իսկ այդ նույն ժամանակ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմը, որը Ադրբեջանում կատաղության ալիք է բարձրացրել: Անգամ Միլի մեջլիսի պատգամավոր Գունիրա Փաշաևան է «ՍիԲիՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վրդովմունք ու հուսահատություն հայտնել,  թե՝
 
- Մենք այդ գործընթացը կարող ենք դադարեցնել լոկ այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով: Սակայն եթե նույնիսկ դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին, և այն կլսվի:
 
Թե ինչ իրականության մասին է մտադիր բարձրաձայնել ադրբեջանական ժողովրդի ընտրյալը, միայն իրենց՝  կեղծիքներով սնված ուղեղները կիմանան: 
 
Փաստն այն է, որ նույն նավթագազային եկամուտների հաշվին բազմահազար գրքեր են թխվել, ֆիլմեր նկարահանվել, հազարումի քարոզչական հնարքներ բանեցվել՝ բոլորն էլ միայն սուտ ու կեղծիք տարածելով: