Կոչ աղոթքի, որի բովանդակությունն անեծք է

Բնական աղետներից, ինչպիսին այս օրերին Ամերիկայի ափերին մոլեգնող Իրմա փոթորիկն է, բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, ծերեր ու երեխաներ են տուժում, զրկվում կյանքից, հաշմանդամ դառնում, կորցնում տունուտեղը: 
 
Նման բաների վրա չարախնդալ կարող է միայն հոգեկան հիվանդը, և արի ու տես, որ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հոգու ամբողջ մաղձը թափել է «Թվիթերի» իր պաշտոնական էջում՝ ուրախություն հայտնելով ԱՄՆ-ում ավերածություններ գործող տարերքի համար: Ու մոռանալով, որ անեծքը հաճախ բումերանգ է դառնում՝ նա օգտատերերին էլ կոչ է արել աղոթել, որպեսզի Միացյալ Նահանգների գլխին եկող փորձանքները չդադարեն:
 
- Մեր հետևից ընկածներին Աստված թող այնպիսի փորձանք տա, որ մեր մասին մտածելու ժամանակ չունենան,-գրել է Անկարայի քաղաքապետը:
 
Բնական է, որ նման գրառումը սոցցանցերում ուժգին հակազդեցություն է թողել: ԱՄՆ պետքարտութղարության խոսնակ Հիթեր Նոյերթը, օրինակ, գրել է, թե ինքը նման հայտարարությունից ցնցված է և չի ուզում հավատալ, որ աղոթքը կարելի է որպես անեծք ուղղել ինչ-որ մեկի կամ մի ամբողջ ժողովրդի դեմ, այլ ոչ թե նրանով բարիք խնդրել:
 
Փաստորեն Թուրքիայի մայրաքաղաքի գլխավոր դեմքը մարդկայնության և քաղաքական հարաբերությունների մասին ահա այսպիսի «յուրօրինակ» պատկերացում ունի: Նրա կարծիքով՝ «իրենց հետևից ընկածներին» փոթորիկն է քաղաքական դաս տալիս՝ հատուցելով թուրքերին հասցրած այդ երկրի վնասը: 
 
Իսկական թուրքի մտածողություն, որը ջրի երես է հանում ու մարդկությանն ի ցույց դնում համացանցը: Եթե անցած դարի սկզբներին իրենց քաղաքական կեղտոտ նպատակների համար կանգ չառան մի ամբողջ ազգ հայրենազրկելու և մահվան նախճիրներում  ոչնչացնելու գործողությունների առջև, հիմա ինչո՞ւ չպետք է խոսքով «խրախուսեն» կարծեցյալ թշնամուն պատժող աղետը: 100 տարի առաջ Ամերիկան մյուս հզորների հետ աչք փակեց հայասպանության փաստի վրա (դրա հետ միասին իր երկիր տարավ տաղանդավոր, ձեռներեց, շնորհաշատ հայերին, ովքեր հետագայում անգամ նրա միջուկային զինանոցի սյուներից դարձան): Բայց այ՝ Անկարայի բերանբաց քաղաքապետը դժվար թե այդ գրածները մարսի: Գոնե գրավոր լուտանքներ միլիոններով կստանա: Միայն թե կասկածելի է, որ դրանցից անհրաժեշտ ընդհանրացումներ կարվեն: