Արտաքին թշնամու կերպարը` թուրքական պետությունների հիմքում

Պետական գաղտնիքի տիրապետող անձանց համար «հատկապես վտանգ ներկայացնող» երկրների ցուցակում, ըստ «Süddeutsche Zeitung»-ի, 30 երկիր է նշված, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան։ Եթե այս ցուցակում Թուրքիան ներառվի, դա նկատելի հետևանքներ կունենա հազարավոր պաշտոնյաների համար: Օրինակ նրանք այլևս չեն կարողանա հանգստի մեկնել Թուրքիա։ Բարդություններ կստեղծի նաև Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնության պարագայում:

Թուրքիայում բազմաթիվ գերամանացիների ձերբակալություններից հետո Գերմանիան, վերջապես, սկսել է կասկածել, որ դա այցելությունների համար վտանգավոր երկիր է: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտնել է, որ այս պահին ցուցակ է մշակվում, որտեղ ներառվելու են գերմանացի պաշտոնյաների այցելությունների համար վտանգավոր երկրները: Թուրքիան ևս թեկնածուների թվում է (տեղեկացրել է AFP-ն): Նախարարը հավելել է, թե խոսքը գերմանական գերատեսչությունների աշխատակիցների պաշտպանության մասին է:

Գերմանիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է եվրոպական երկրի արտգործնախարար Զիգմունդ Գաբրիելը: Նա կարծիք է հայտնել, թե Էրդողանը Գերմանիան օգտագործում է նրանից  արտաքին թշնամու կերպար կերտելու համար, որպեսզի իր քաղաքացիների ուշադրությունը շեղի ներքին հարցերից: «Nordwest Zeitung»-ին տված հարցազրույցում նա նաև նշել է, թե այդ խաղին մասնակցել չարժե:

Այս դեպքում, թերևս, Գերմանիայի արտգործնախարարը չի սխալվում: Թուրքը` լինի Թուրքիայում, թե Ադրբեջանում, առանց արտաքին թշնամու հանդեպ ատելություն բորբոքելու գոյատևել չի կարող: Դուրս է գալիս, որ չկա արտաքին թշնամի` չկա նաև թուրք: Որքան էլ Թուրքիան թե′ տարիքով, թե′ տարածքով Ադրբեջանին մի քանի անգամ գերազանցում է, միևնույնն է` այս հարցում «կրտսեր եղբորից» սովորելու շատ բան ունի: Ադրբեջանում հայերի ու ամենայն հայկականի նկատմամբ ատելությունն այնպիսի մակարդակի է հասցվել, որ նույնիսկ Թուրքիայում 1915թ. մոլեգնած դեպքերն են դրա առաջ նսեմանում:

Բայց թե ինչպես է Գաբրիելը պատկերացնում «այդ խաղին» չմասնակցելը, մի քիչ դժվար է պատկերցնել: Աշխարհում այլոց նկատմամբ ատելությունը, կարելի է ասել, արդեն քաղաքական կատեգորիա է դարձել, և Գերմանիայի ինչ-որ արտգործնախարար դժվար թե կարողանա դրա դեմ դեղատոմս առաջարկել: Այստեղ «բուժման» ավելի արմատական միջոցներ են հարկավոր, որոնք մարդկությունը կարծես դեռևս չի էլ փորձում գտնել: