Եվրախորհրդարանը հետաքննություն է պահանջում

Եվրախորհրդարանը երեկ` սեպտեմբերի 13-ին գումարված նիստում անդրադարձել է «Ադրբեջանական լվացքատան» գործերին:

ԵԽ պատգամավորները հավանություն են տվել փաստաթղթին, որը դատապարտում է «Ադրբեջանի և մյուս ամբողջատիրական երկրների վարչակարգերի»  փորձերը` ապօրինի եղանակներով ազդել երրորդ երկրների եվրոպացի անձանց կայացրած որոշումների վրա: Պատգամավորները հայտարարել են, որ ԵԽ-ն պետք է հետաքննություն անցկացնի և վճռական միջոցներ ձեռնարկի, որպեսզի կուռուպցիայի նմանօրինակ դեպքերը հետագայում լիովին կանխվեն: 

Զեկուցող Պետրաս Աուստրևիչյուսը նշել է, թե այդպիսի հետաքննություններից պարզվում է, որ կոռուպցիան պետական սահմանները հաղթահարելով` իր հետևանքներն է թողնում քաղաքական որոշումների վրա:

Ուշագրավ է Եվրախորհրդարանում հնչած մեկ այլ կոչ` հետաքննություն անցկացնել նաև Մագնիտսկու ցանկի պատժամիջոցների առնչությամբ: Ինչպես հայտնի է` «Մագնիտսկու համամոլորակային օրենք» պայմանական անունով հայտնի ամերիկյան ցանկը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում տեղ գտած կոռուպցիայի դեպքերի և մարդու իրավունքները խախտողների դեմ, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց սեփականության վրա կալանք է դրվում: 2016թ. վերջին ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը օրնագիծ էր ընդունել, որով «Մագնիտսկու օրենքը» տարածվում է ամբողջ աշխարհի վրա:

Զարմանալի է` միայն հիմա աշխարհը հանկարծ նկատեց, որ Ադրբեջանի նման պետությունը պատժամիջոցների է արժանի:

Եվրախորհրդարանը հասկանում է, թե ոչ, բայց Ադրբեջանի այսօրվա պահվածքը նաև ինքն է «կերտել»` իր խտրական ու անխոհեմ քննարկումներով և դրանց հաջորդած որոշումներով: Եվ հիմա եթե ուզում են իրոք արդարություն հաստատել, ուրեմն պետք է արխիվներց հանեն ու նորից քննարկումների սեղանին դնեն այն բոլոր որոշումները, որոնց շնորհիվ Ադրբեջանը հաղթանակ է տոնել: Ու նաև մի լավ թափ տան բոլոր այն զեկուցողների գրպաններն ու կենսագրությունը, ովքեր փրփրաբերան պաշտպանել են Ադրբեջանի շահերը:

Այլապես «շունը կհաչա, բայց քարավանը անխռով կշարունակի իր ճամփան»: Իսկ Ադրբեջանի քարավանը միայն մեկ ճանապարհ ունի և այն կառուցված է կաշառքի, կեղծիքի, շողոքորթության, սպառնալիքի, մեծուփոքր դիվերսիաների, ահաբեկչության, կրոնական ու ազգային խտրականության, մարդու իրավունքների ոտնահարման, սպառազինության մրցավազքի…  հիմնաքարերով: Եթե ԵԽ-ն իրոք ուզում է իր դեմքը փրկել ու մաքրվել, սրանից հարմար առիթ դժվար թե ունենա: