ԱՄՆ քաղաքական համակարգը` օլիգա՞րխիա

Ընդամենը մեկ ընտրաշրջան` 1977-1981թթ., ԱՄՆ-ում նախագահած դեմոկրատ  Ջիմի Քարտերը համոզված է, որ իր երկրում այսօր տիրողը օլիգարխիան է: Իսկ օլիգարխիան, ինչպես հայտնի է, անհամատեղելի է ԱՄՆ-ի սիրած, քարոզած ու պարտադրած դեմոկրատիա-ժողովրդավարության հետ:

Այս հայտարարություն 92-ամյա գործիչն արել է Ատլանտայում գտնվող Քարտերի կենտրոնում:

Միացյալ Նահանգների 39-րդ նախագահն ասել է, թե երկրի քաղաքական կյանքում փողն այնքան կարևոր դեր է խաղում, որ դա ավելի շատ օլիգարխիայի է նման, քան ժողովրդավարության (տեղեկացրել է «Ասոշիեյթեդ փրեսը»): Սառը պատերազմի ժամանակների ամերիկյան նախագահը քաղաքական գործիչներին կոչ է ուղղել.

- Պահպանե′ք աշխարհը, խթանե′ք մարդու իրավունքներն ու ասացե′ք ճշմարտությունը:

2002թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քարտերը քննադատել է իր երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և նշել է, որ իր կենտրոնը խաղաղության հասնելու նպատակով շփվում է այդ հակամարտության բազմաթիվ կողմերի, այդ թվում` Ռուսաստանի իշխանությունների հետ:

Սա, իհարկե, կարող է դիտվել որպես դեմոկրատ քաղաքական գործչի` այսօր նախագահող հանրապետական վարչակազմի բոստանը նետած քարեր: Որովհետև եթե հայացք ձգենք դեմոկրատ  Օբամայի իշխանության տարիներին` Միացյալ Նահանգների քաղաքական ուղղություններում տարբերություն համարյա չի նկատվում: Միակ տարբերությունը, թերևս, Թրամփի բուռն արձագանքներն են աշխարհում ու իր երկրում կատարվող գործընթացների վերաբերյալ` ի հակադրություն Օբամայի ավելի զուսպ պահվածքի: Այսինքն, ԱՄՆ քաղաքական համակարգի օլիգարխացումն այսօր չի սկսվել:

Ճշմարտությունը ինչպես իտալական առակն է ասում, մախաթի է նման, որը, ինչպես իտալական առակն է ասում` պարկում չես թաքցնի: Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ-ում նույնպես իշխանությունը փող ունեցողների ձեռքին է, իսկ նրանց համար ամենակարևորը հենց այդ դրամական միջոցները պահպանելն ու բազմապատկելն է: Եվ եթե հանուն դրա պահանջվում է խառնակել ամբողջ Մերձավոր Արևելքը` ամբողջ աշխարհը լցնելով տունուտեղից զրկված փախստականներով, կամ ճակատ ճակատի տալ Հյուսիսային Կորեայի նման երկրի հետ, նրանք դրա առաջ կանգ չեն առնի: Չէ՞ որ վառվողը ուրիշների ձեռքերն են լինելու:

Եվ եթե այսպիսի պահվածք արդարության ու ժողովրդավարության քարոզող ԱՄՆ-ն է դրսևորում, ուրեմն ի՞նչը կարող է զսպել նման որակումներից զրկված մյուս պետություններին: