Ի՞նչ կտա քրդական հանրաքվեն

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐ՝ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔՈՒՄ

Իրաքի խորհրդարանը երեկ դեմ է քվեարկել Քրդստանի անկախության վերաբերյալ սպասվող հանրաքվեին: 
 
Քվեարկության արդյունքները ներկայացնելով՝ խորհրդարանի նախագահ Սալիմ ալ-Ջաբուրին հայտարարել է, թե այն արտահայտել է Իրաքի միասնականությունը պահպանելու պատգամավորների ձգտումը: Քվեարկության արդյունքները Իրաքի վարչապետին պարտավորեցնում են բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի երկրի տարածքային ամբողջականությունը չխախտվի, ինչպես նաև լուրջ երկխոսություն նախաձեռնել՝ կենտրոնական իշխանության ու տվյալ տարածաշրջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար (հաղորդել է «Սքայ նյուս Արաբիան»): 
 
Այդ քվեարկությանը քուրդ պատգամավորները չեն մասնակցել և լքել են նիստերի դահլիճը: 
 
Սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեին օրերս դեմ է արտահայտվել նաև Թուրքիան. փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին հորդորել է անմիջապես չեղարկել նշանակված հանրաքվեն: Նա լրագրողներին ասել է, թե այդ հանրաքվեն ավելորդ խնդիրներ է առաջացնում առանց այդ էլ հակամարտություններով լի տարածաշրջանում: 
 
- Այդ հանրաքվեն չի համապատասխանում ո՛չ Բարզանիի, ո՛չ քրդերի, ո՛չ էլ տարածաշրջանի ժողովուրդների շահերին,-իր ասածները հիմնավորել է Թուրքիայի փոխվարչապետը:
 
Չի ուշացել նաև Բարզանիի արձագանքը: Իրաքի Քրդստանի ղեկավարը հայտարարել է, որ եթե Իրաքի իշխանությունները չընդունեն քրդերի անկախության հանրաքվեն, ապա իրենք ինքնուրույն կորոշեն Անկախ Քրդստանի սահմանները և անհրաժեշտության դեպքում խույս չեն տա նաև պատերազմից (տեղեկացրել է «Բիրգյուն» պարբերականը): 
 
Բարզանին նշել է, որ անկախության տվյալ հանրաքվեն դեռևս չի նշանակում ուղիղ իմաստով ամբողջովին անկախ Քուրդստան: Դա ավելի շուտ կնպաստի՝ Բաղդադի հետ բանակցություններում ուժեղացնելու քրդական կողմի դիրքերը: Պատասխանելով իրեն ուղղված քննադատությանը, թե հանրաքվեն կխարխլի Իրաքի անվտանգությունը՝ նա հռետորական հարց է հնչեցրել.  
 
- Իսկ Իրաքում անվտանգություն կա՞:
 
Մինչ այդ «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բարզանին հայտարարել էր, որ եթե իրաքցի քրդերի անկախության հանրաքվեն խոչընդոտների հանդիպի, դա սկիզբ կդնի արյունալի նոր պատերազմի: 
 
Սեպտեմբերի 25-ը հեռու չէ: Իրենց ամբողջ գոյության ընթացքում առաջին անգամ անկախ պետության տեր դառնալու՝ իրանական քոչվոր ցեղի ձգտումը, որին առատ սնունդ են տվել տվյալ տարածաշրջանից հեռու բարգավաճող հարուստ պետությունները, կարող է Մերձավոր Արևելքում մի նոր դժոխային պատերազմ հրահրել: Իսկ քրդերին խրախուսող այդ երկրները (չմոռանանք, հայոց պատմական հայրենիքից նույնպես քրդերը մաս պոկելու ախորժակ ունեն), որպես իրենց «մարդասիրության» պատասխան՝ կստանան փոխաստականների նոր հեղեղ և ստիպված կլինեն նրանց հետ համակեցության դժվարին ուղի անցնել: