Ամերիկյան զույգ աշտարակների գրոհից 16 տարի անց

Երկվորյակ երկնաքերների վրա 16 տարի առաջ Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը ոգեկոչելիս՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ խոստացել է երկրի երեսից վերացնել ահաբեկչությունը:
 
- Մենք մեծ հաջողությունների ենք հասել, մեր վճռականությունն ավելի մեծ է, քան երբևէ,- պարծեցել է Փենսը:
 
Սրան հակառակ՝ Սիրիայում կարծիք են հայտնել, թե իրենց երկրում ԱՄՆ-ի գործողություններն ավելի շատ ահաբեկիչների ջրաղացին են ջուր լցնում:
 
Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Փեյսալ Մեքդադը «Ալ Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Միացյալ Նահանգները լավ կանի՝ իր զինվորականներին այնտեղից դուս բերի, այլապես սիրիական բանակը նրանց կդիտի որպես թշնամական ուժ: Նա Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը համարել է «անօրինական և անընդունելի», քանի որ դրա համար Սիրիայի կառավարության հավանությունը չի ստացել: 
 
- ԱՄՆ-ի և նրա գլխավորած կոալիցիայի գործողությունները ոչ մի արդարացում չունեն, նրանք միայն ավերում են Սիրիան՝ ավիահարվածների ընթացքում սպանելով խաղաղ բնակիչների և ոչնչացնելով տնտեսական ենթակառուցվածքները: Դա համապատասխանում է ահաբեկիչների ծրագրերին, բայց չի համապատասխանում Սիրիայի ժողովրդի շահերին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ահաբեկչական կազմավորումների դեմ կռվել, պետք է իրենց գործողությունները համաձայնեցնեն Սիրիայի ու նրա դաշնակիցների հետ,-ասել է սիրիացի դիվանագետը:
 
2001թ. ի վեր ԱՄՆ-ը անզիջում պատերազմ է հայտարարել ահաբեկչության դեմ: Այսօր արդեն անվարան կարելի է ասել, որ ահաբեկչությունը դարձել է մեր մոլորակի կյանքի անբաժանելի բաղադրիչը, ներթափանցել է բոլոր անկյունները, դաժանության ու զանգվածայնության ռեկորդներ սահմանել: 
 
Խոսք չկա՝ Մայք Փենսի երկիրը իրոք մեծ հաջողությունների է հասել…