Պատերազմներում խեղված ճակատագրեր

Իսլամիստ ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ կյանքեր են խաթարվում, այդ թվում նաև նրանց հարազատների ու հավատակիցների: Հաղորդվում է, որ Իրաքում զինյալների ավելի քան 1300 կին ու երեխա հանձնվել են Ինքնապաշտպանության քրդական ջոկատներին:
 
Դա տեղի է ունեցել օգոստոսի վերջերին Թալ Աֆար քաղաքն ազատագրելիս: Այժմ, իրաքցի պաշտոնյայի խոսքերով, նրանց տեղավորել են Մոսուլի մերձակայքում գտնվող տեղահանվածների ճամբարում: Պաշտոնյան շեշտել է, որ նրանք 14 տարբեր ազգությունների են պատկանում (AFP գործակալության փոխանցմամբ):  
 
Մինչ իրաքի իշխանություններն ահաբեկիչների կանանց ու երեխաներին ապաստան են տրամադրում, Թուրքիայում վաճառքի են հանվում նրանց մեղքով ազատությունը կորցրած սիրիացի անչափահաս աղջիկների: «Թայմս» պարբերականի լրագրողը հետաքննությամբ պարզել է, որ մինչև 18 տարեկան փախստական աղջիկներին որոշ թուրք կամ քուրդ տղամարդիկ գնում են միջինը 1200 դոլարով՝ հիմնականում որպես երկրորդ կին: Այսպիսով նրանք փորձում են շրջանցել Թուրքիայում գործող օրենքը բազմակնության արգելքի վերաբերյալ:  
 
Լրագրող Լուիզ Կալագանը կարողացել է շատ մանրամասներ բացահայտել: Շուկայում գնված այդ կանանցից տղամարդիկ սովորաբար արագ հիասթափվում են (երևում է` սիրիացի աղջիկները ամուսնության վերաբերյալ ավելի մարդկային պատկերացում ունեն, դրա համար էլ չեն կարող ստրկատիրոջը որպես լավ ամուսին ընդունել): Պարզվել է, որ գնված կանանց առնվազն կեսը թուրքական և քրդական ընտանիքներում բռնությունների է ենթարկվում: Չկայացած ամուսիններից շատերը շուկայում ձեռք բերած կանանցից հրաժարվում են կամ վերավաճառում նրանց: 
 
Անչափահաս սիրիուհիների մի մասը, այսպիսով, ստիպված է լինում գոյությունը պահպանել մարմնավաճառությամբ: 
Լրագրողը ներկայացրել է պատվերի նմուշ՝ ուղղված անչափահասների առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբերին. սպիտակամաշկ, 17 տարեկանը չլրացած, բարձրահասակ և կանաչ աչքերով: 
 
«Թայմսի» լրագրողի հավաքած տվյալներով՝ անգամ 13 տարեկան աղջիկների են այսպես վաճառվել: Առավել գեղեցիկների վաճառքի գինը հասել է մինչև 4000 դոլարի: 
 
Անհնար է այս տեղեկությունները կարդալ ու մտովի չտեղափոխվել 100 տարի առաջվա Թուրքիա, որտեղ նույն կերպ հայ աղջիկներին էին ապականում: Ըստ էության՝ Թումանյանի ասած «մարդասպան» երկոտանին ոչ մի քայլ չի արել դեպի «մարդը»: Ու մարդկությունը անցյալից ոչ մի դաս չի քաղել: Դրա համար էլ զարմանալի չէ, որ Աֆղանստանում «Թալիբանի» իշխանությունից փախած աֆղանները ապատանում են Ադրբեջանում: 
 
Այսպես, օգոստոսի տվյալներով՝ Աֆղանստանի ավելի քան 500 քաղաքացի Ադրբեջանում փախստականի կարգավիճակ է ստացել ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի կողմից: Այժմ այնտեղ 564 աֆղանցի փախստական կա, 132-ի գործն էլ քննվում է: 
 
Այս մարդիկ երևում է` ոչ մի չափով չեն գիտակցում, որ մրից ելել, մրջուրն են ընկել: Ադրբեջանը, իհարկե, սկսզբում ՄԱԿ-ի աչքը մտնելու համար կարող է նրանց նկատմամբ ինչ-ինչ հոգատար պահվածք դրսևորել, բայց կարմիր կովը մի՞թե կարողանում է կաշին փոխել: Այնպես որ՝ մինչև ուղնուծուծը ահաբեկչական Ադրբեջանում աֆղան փախստականները դեռ քաշելիք ունեն: