Ամերիկան պատրաստվում է Էրդողանի այցին

ԱՄՆ նախագահ Թրամփը և Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր են հանդիպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, որ երկու նախագահների միջև տեղի ունեցած հետախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել երկկողմ հարաբերությունները: Ընդգծվել է ռազմական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը:

Մինչ այս լուրը երեկ` սեպտեմբերի 10-ին կհրապարակվեր, լրատվամիջոցներն արդեն տարածել էին ամերիկացի կոնգրեսականների կոչը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: ՄԱԿ ԳՎ նիստի նախօրեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու կոնգրեսական Էլիոթ Էնգելը պետքարտուղարին նամակ են հղել` խնդրելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կանխել Թուրքիայի նախագահի կամ այլ թուրք պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ հերթական բռնի միջադեպը։

Ամերիկացի կոնգրեսականները, փոստորեն, բավարար զսպիչ գործոն չեն համարում այն, որ Միացյալ Նահանգները Էրդողանի անվտանգության աշխատողների լկտի պահվածքն անուշադրության չմատնեց և նրանց մեղադրանք ներկայացրեց,: Բնական է, ԱՄՆ իրավապահ մարմինների գործողություններին Էրդողանի և մյուս թուրք գործիչների ամբարտավան արձագանքը նրանց դրա համար հիմքեր տալիս է:

Անհավանական չէ, որ Էրդողանի այս այցին նույնպես նրա դեմ ցուցարարներ հանդես գան, Էրդողանն էլ սեփական իրավացիությունն ապացուցելու համար անզեն ցուցարարների դեմ նորից մարզված ու զինավառ թիկնապահներ կհանի: Դա, թերևս, մեծապես կախված կլինի նաև Թրամփի հետ նրա երկխոսության տրամաբանությունից. եթե իր այցելած երկրի նախագահի պահվածքում ներողամտության երանգ նկատի` անմիջապես գործի կանցնի:

Կոնգրեսականների կոչը հավանաբար հենց այս նկատառումով է արվել, որպեսզի ԱՄՆ իրավապահ մարմիններն աչալուրջ լինեն և իրենց խաղաղ քաղաքացիներին չթողնեն հարցերը կոտորածներով ու բանտարկություններով լուծելու սիրահար թուրքի ողորմածությանը: