Շահի աշխարհում ի՞նչ դիվանագիտություն

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլենբերգը կարծիք է հայտնել, որ ապրելու համար այսօրվա աշխարհն ավելի վտանգավոր է, քան 30 տարի առաջ էր:

«Գարդիանի» հարցերին պատասխաներով` նա ասել է, թե այժմ ամեն ինչ առավել անկանխատեսելի ու բարդ է, որովհետև մարդիկ միաժամանակ բազմաթիվ փորձությունների են բախվում: ՆԱՏՕ-ի ղեկավարը ամենավտանգավորներն է համարել զանգվածային ոչնչացման զենքերը Կորեական թերակղզում, ահաբեկիչների գործողությունները, տիրող անկայությունը և… «առավել վճռականորեն տրամադրված Ռուսաստանը»:

ՆԱՏՕ-ի ղեկավարը, իհարկե, աշխարհի վտանգավորության աստիճանը նշելիս առաջին հերթին նկատի է ունեցել զինված հակամարտությունների հավանական վնասները: Ընդ որում` միայն ՆԱՏՕ-ի տեսանկյունից: Որովհետև, եթե հակառակ կողմը նման կարծիք հայտներ, թերևս նույն ՆԱՏՕ-ն   կհամարեր ամենավտանգավորներից մեկը: Գուցե թե ավելի հնարամիտ մեկն էլ ավելացներ, որ աշխարհում տեղի ունեցող ավերիչ փոթորիկներն ու երկրաշարժերը նույնպես թշնամական գործողությունների արդյունք են:

Մարդիկ վաղուց են խոսում եղանակային զենքի առկայության մասին, որը մեծ տերությունները գուցեև երբեմն կիրառում են` առանց հաշվի առնելու, որ իրենց ցանկալի արդյունքն ստանալուց հետո դրանք կարող են վերահսկողությունից դուրս գալ և դժոխքի վերածել ամբողջ մոլորակը` ներառյալ իրենց շքեղ ապարանքները: 
Սոսկ մեկ աղետը դժվար թե կարողանա աշխարհն արագ կործանել: Բայց Սթոլենբերգի թվարկած աղետները միասին կարող են ամենակարճ ժամկետներում ամայի գունդ դարձնել մարդկության համընդհանուր տունը: Սա այնքան ակնհայտ է, որ այդ մասին սկսել են բարձրաձայնել ու ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:

Այսպես, մեր օրերի ամենամտահոգիչ վտանգը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքն է, քանի որ այն կարող է մարդկության գլխին ատոմային պատերազմ բերել: Ահա և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը կարգավորելիս օգտագործել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը: «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականը հրապարակել է հարցազրույց, որտեղ Մերկելը շեշտել է.

- Մինչև այդ (2015թ.) երկար ժամանակ կարևոր դերում դիվանագիտությունն է եղել: Կարող եմ նման ձևաչափ պատկերացնել նաև Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության կարգավորման համար: Եվրոպան, առանձնապես Գերմանիան, պետք է պատրաստ լինի գործուն կերպով մասնակցելու դրան:

Գերմանիայի կանցլերը մեկ անգամ ևս նշել է, թե հակամարտությունը միայն դիվանագիտական լուծում ունի: ՆԱՏՕ-ի ղեկավարի նշած բոլոր վտանգները նույնպես կարելի է դիվանագիտական ճանապարհով չեզոքացնել, միայն թե դիվանագիտությունը շատ բարդ արվեստ է, որին մարդկությունը, ցավոք, չի տիրապետում: Երբ դիվանագիտության հիմքում դրվում է մերկ շահի սկզբունքը, բանակցելու բան չի մնում. մնում է միայն ավելի շատ պատառ թռցնելու ձգտումը: