Եվրոպան ուզում է ավելի անկախ լինել

Ընդամենը 241 տարի առաջ Եվրոպայից լիովին անկախացած Ամերիկայի Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան հզորացավ, որ սկսեց ինքը թելադրել նույն Եվրոպայի օրակարգը: Այդպիսի թելադրանքը, պարզ է, Եվրոպային ձեռնտու չէ` որքան էլ համաշխարհային բնույթի իրադարձությունների ժամանակ գրեթե բոլոր երկրներն էլ ԱՄՆ-ի տեսակետն են պաշտպանում ու նրա հետ համագործակցում:

ԱՄՆ-ից ավելի անկախ քաղաքականության մասին խոսել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: «Rheinische post» թերթում հրապարակված հոդվածում նա ընդգծել է.

- ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն անդրատլանտյան հանրակցության հիմքն է, սակայն Եվրամիությունը պետք է ի վիճակի լինի ինքնուրյուն կարգավորել իր հարևանությամբ ի հայտ եկող ճգնաժամերը:

Նա նաև կարծիք է հայտնել, թե չնայած բոլոր դժվարություններին ու թույլ կողմերին` Եվրամիությունը աշխարհում երբևէ եղած ամենահաջող ծրագիրն է, որը վերաբերում է ազատությանը, խաղաղությանն ու բարեկացությանը:

Միայն թե` ո՞վ կարող է պնդել, որ Եվրամիության ստեղծումից հետո աշխարհը գոնե մեկ տոկոսով ավելի ազատ, ավելի խաղաղ ու բարեկեցիկ է դարձել: Այս վերջին պարագայում միլիարդատերերի վարկանշային աղյուսակները դրությունը միայն ավելի են սրում:  Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն վարելուն, այս պահին դա միայն ցանկություն է մնում:

Իսկ երբ աշխարհի հզոր երկրների ցանկում առաջիններից համարվողներն են խոսում անկախության սղությունից` Հայաստանը այսօր էլ գաղութ որակողները գուցե մխիթարվեն: