Լեհաստանը հիշել է, որ Գերմանիայից ռազմատուգանք չի ստացել

Ուշագրավ են Գերմանիայից ռազմատուգանք պահանջելու վերաբերյալ «Իբրիս» կազմակերպության հարցումի արդյունքները. գերմանացիների 51%-ը դրան դեմ է, կողմ է միայն 24%-ը: Երևում է` Լեհաստանի բնակչության կեսից ավելին չգիտի, որ Իսրայել պետությունը անապատում հզորացավ ու բարգավաճեց հենց Գերմանիայից տասնամյակներ շարունակ ներհոսող ռազմատուգանքների շնորհիվ: 
 

Ի պատասխան Գերմանիայի պահանջի (եվրոպական բոլոր երկրներին հավասար պատասխանատվություն կրել փախստականների ճակատագրի համար)` Լեհաստանն էլ առաջ է քաշել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կրած վնասների դիմաց Գերմանիայից ռազմատուգանք ստանալու հարցը: Ընդ որում, եթե ամիսներ առաջ Լեհաստանը խոսում էր միլիարդավոր դոլարների մասին, ապա այժմ ուղղակի նշել է գումարը` ամենապակասը 1 տրլն դոլար:

Օգոստոսին Եվրամիությունը դատական հայց է ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի Հանրապետության դեմ` փորձելով նրանց հարկադրել, որ փախստականներ ընդունեն: Եվրոպական մնացած երկրները աչք են փակում 100 հազար փախստականների առկայության վրա, որոնք վերջին ամիսներին ափ են իջել Իտալիայում: «Ինդեփենդենթի» մեկնաբանությամբ` հռետորաբանությունը գնալով ավելի է խստանում:

Զարմանալի չէ, իհարկե, որ Լեհաստանն ու մյուս երկրներն ամեն կերպ խուսափում են ընդունել փախստականներ, որոնց մի մասը, հետագայում պարզվում է` ահաբեկիչներ են: Եվ ընդհանրապես, դժվար է համակեցություն մշակել մշակույթով, կրոնով, կենցաղով ու մտածողությամբ քեզ միանգամայն խորթ այնպիսի հանրության հետ, որը ոչ միայն չի ուզում քո երկրի գլխարկը ծածկել, այլև վճռական է` այնտեղ իր սեփական բարքերը տարածել: 

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին իր ռադիոելույթում նշել է, թե Գերմանիայի հետ հարկավոր է լրջորեն բանակցել:

Ըստ նախարարի` գերմանալեհական հարաբերությունները մթագնում են 1939թ. Գերմանիայի զավթողական գործողություններով և նրանով, որ հետպատերազմական խնդիրներն այդպես էլ լուծում չեն գտել: Վաշչիկովսկին նշել է, թե Լեհաստանի կորուստները 1 տրլն դոլարից ավելի են եղել:

Լեհաստանի աջ կառավարությունն էլ մերժել է երկրի  նախկին կոմունիստական կառավարության 1953թ. բանաձևը, որով հրաժարվել էին Գերմանիայից ռազմատուգանք ստանալու որևէ պահանջից:

Լեհաստանը գուցե տեղին է առաջ քաշում ռազմատուգանքի հարցը` թեև նշված դեպքերից համարյա թե 80 տարի է անցել: Բայց երբ մտածում ենք, թե Գերմանիան ռազմատուգանք է տալիս մի պետության, որն իր սանձազերծած պատերազմի ժամանակ գոյություն անգամ չի ունեցել, իսկ Թուրքիան շարունակում է շրջափակած պահել Հայաստանի այն փոքրիկ կտորը, որը փրկվել է նրա իրականացրած ցեղասպանությունից, տեսնում ես, որ այդ հարցում նույնպես աշխարհում արդարություն չկա:
Ի՞նչ իմանաս` գուցե Լեհաստանի այս պահանջը խթան հանդիսանա, որպեսզի որոշ ուղեղներում արդարացի դատողություններ ծնվեն ու հետո գործ դառնան…