Պարտվող ԻՊ-ականների նոր ապաստանները

«Արաբական գարունների» շնչով թուլացնելով ու պառակտելով Քադաֆիի երբեմնի ծաղկուն երկիր Լիբիան, տասնամյակներ տևող պատերազմի բովում տապակելով Աֆղանստանը՝ գերտերությունները փաստորեն միայն մեկ բանի հասան՝ այս երկու երկրները դարձրին իսլամիստ ահաբեկիչների որջեր: Իսկ հիմա կոալիցիաներ կազմած՝ փորձում են նրանց ոչնչացնել: Ու դարձյալ հին սխալն են գործում. պատճառները վերացնելու փոխարեն սկսում են հետևանքները վերացնել՝ անկարող լինելով հասկանալ, որ հետևանքներ անընդհատ են լինելու, քանի դեռ պատճառները աճում ու բարգավաճում են: 
 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր հաղթանակի մասին է ավետել ՍԱՆԱ գործակալությունը: Սիրիայի կառավարության բանակը ճեղքել է Դեր Զոր քաղաքի՝ երեք տարուց ավելի տևած շրջափակումը, որտեղ 100 000-ի չափ բնակիչ անտանելի պայմաններում էր գոյատևում: Բնակիչներն արդեն տոնում են հաղթանակը՝ չնայած նահանգի մեծ մասը դեռևս ահաբեկիչների հսկողության տակ է:
 
Հարց է ծագում՝ դիրք դիրքի հետևից հանձնելով՝ որտե՞ղ են ահաբեկիչները ապաստան գտնում: «Ռիա նովոստիի» մեկնաբանությամբ՝ Սիրիայում և Իրաքում պարտվելով՝ իսլամիստ ծայրահեղականները տեղափոխվում են Լիբիա և Աֆղանստան: Երկու պետությունների իրավապահ մարմինների համար դա տհաճ անակնկալ է:
 
Պարբերականը նշել է, որ արմատական իսլամիստների ձեռքում է հայտնվել Սիրտ նավահանգստային քաղաքը, որի պաշտպանության համար մինչև 2011թ. աշուն պատասխանատու է եղել Մուամար Քադաֆին: Քաղաքագետ Գրիգորի Լուկյանովը կարծիք է հայտնել, թե իսլամիստներին հաջողվել է քաղաքը գրավել, երբ բնակիչներն այն լքել են: Սիրտում հաստատված ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Լիբիայի ծովափնյա տարածքների մի մասը՝ օգտվելով իշխանության կենտրոնների անհամաձայնություններից: 
 
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» կողմնակիցները նահանջել են դեպի հարավ՝ անապատ, և թաքնվել այնպիսի տարածքներում, որտեղ պետական իշխանություն չի եղել: Իսկ ահա այս օրերին պարզ է դարձել, որ ԻՊ դեմ իրական հաղթանակ տանել չի հաջողվել, և իսլամիստները վերադառնում են նախկին վայրերը: