«Ադրբեջանական լվացքատունը» շարունակում է փողեր լվանալ

Ժամանակակից քանի՞ պետություն կարող է պարծենալ, որ իր գոյության ընդամենը 26 տարվա ընթացքում կարողացել է մոլորակի չափանիշներով նոր մշակույթ ու նոր բարքեր սերմանել: Ադրբեջանն այդ գործում առաջատար է: Միջազգային ասպարեզում նրա մեծ ներդրումը աշխարհի բոլոր ծագերում պաշտոնյաներին ու գործիչներին կաշառելու, սեփական շահերին ծառայեցնելու հսկայական մեքենա ստեղծելն է:
 
Բայց այդ կծիկը կարծես սկսել է քանդվել, և օրեցօր ավելի ու ավելի ցնցող փաստեր են ի հայտ գալիս: Ճիշտ է՝ դրանք դեռևս չեն կարողանում խարխլել Ադրբեջան պետության հիմքերը, սակայն նրա միջազգային հեղինակության վրա նկատելի հետքեր թողնում են:   
 
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը անդրադարձել է «Գարդիան» պարբերականի լրագրողական հետաքննությամբ բացահայտված փաստերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի իշխանությունների կողմից մի շարք եվրոպացիների կաշառելուն: Կազմակերպությունը կոչ է արել հետաքննել «ադրբեջանական լվացքը»՝ նկատի ունենալով փողերի լվացման աննխադեպ ծավալները: Ինչպես հայտնի է, «Գարդիանը» ջրի երես է հանել «Ադրբեջանական լվացքատուն» պատկերավոր անունն ստացած ծրագիրը, ըստ որի 2,9 մլրդ դոլար է հատկացվել եվրոպացի հայտնի գործիչներին վճարելու, շքեղ ապարանքներ ձեռք բերելու, թափանցիկությունից զուրկ բրիտանական ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար: 
 
«Գարդիանը» խոստանում է Ադրբեջանի ստվերային դրամարկղի մասին իր գաղտնազերծումներով ցնցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Այս առիթով միայն հիշեցնենք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության աղմկահարույց և մինչև այսօր չհանգուցալուծված պատմությունը: 
 
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը կատարվածն այսպես է մեկնաբանել.
 
- Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի և Ռուսաստանի՝ թափանցիկությունից զուրկ վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ «Danske»-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: Երբ դուք մուտք ունեք պետական բյուջե, և ձեր պետության հույսը նավթի ու գազի պաշարներներն են, զարմանալի չէ, որ իշխող վերնախավն անում է  սրտի ուզածը՝ հաշվի չառնելով, թե իր քաղաքացիների համար որն է լավ։ Սա տեղի է ունենում Ադրբեջանում։ 
 
Մարդու իրավունքները սպառնալիքի տակ են գտնվում, իշխանությունները ջախջախում են ընդդիմությանը, միևնույն ժամանակ իշխող վերնախավը բարգավաճում է։ Մամուլի ազատության վարկանիշում 180 պետությունների շարքում Ադրբեջանը հայտնվել է 160-րդ տեղում։ Հիմա պարզ է, որ ԵԽ շատ անդամների կաշառել են, որպեսզի Ադրբեջանի մարդու իրավունքների քննադատական զեկույցների ժամանակ չքվեարկեն…
 
Կարևորելով կաշառվածներին պատասխանատվության ենթարկելը՝ միջազգային կազմակերպությունը բոլորին կոչ է անում նամակ ուղարկել ԵԽ անդամ պետությունների իրենց ներկայացուցիչներին, որպեսզի նրանք լիարժեք հետաքննություն իրականացնեն։ Նաև խոստացել է վաղը՝ սեպտեմբերի 7-ին, եղած ապացույցները ներկայացնել ԵԽԽՎ՝ նրան կոչ անելով լիարժեքորեն թափանցիկ հետաքննություն իրականացնել։ 
 
Թե ինչպիսին կլինի այդ հետաքննությունը՝ ապագան ցույց կտա, բայց անկասկած է, որ «ադրբեջանական լվացքատունը» շարունակելու է փողեր լվանալ՝ քանի դեռ մոլորակի վրա գեթ մեկ կաշառք վերցնող կլինի: Դա էլ իրենց մշակույթն է, ի՞նչ կարող ես անել: