Թույլ սպեղանի՝ մահաբեր ախտի վրա

Լուսանկարում մի քարտեզ է, որտեղ մանրամասն ներկայացված է, թե Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունն ինչ ծավալներ է ընդգրկել, որից կարելի է եզրակացնել, թե դա ինչպես է փոխել աշխարհի քարտեզն ու ժողովրդագրական դեմքը: Այսօրվա աշխարհի քարտեզն ու ժողովրդագրական դեմքն ամեն օր են փոխվում, բայց դրա մեջ ոչ մի դրական բան չի նշմարվում, ինչպես որ ոչինչ դրական չէր կարող լինել 100-ամյակ առաջվա ցեղասպանության մեջ

Հայկական հարցի լուծումը հիմնականում ցեղասպանության ճանաչմամբ պայմանավորելը  հայությանը որոշ իմաստով ծուղակի մեջ դրեց և մեր պայքարի հիմնական ուժերն այդ կողմ ուղղորդեց: Այդուհանդերձ, աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ  դա անտեսելը նույնպես ճիշտ չէր լինի: Ցեղասպանություններով հայտնի դարձած 20-րդ դարն իր հաջորդին փոխանցեց այդ երևույթի առավել «կատարելագործված» նախադեպեր, և այսօր արդեն մեր մոլորակի հզոր երկրներն են փորձում դրա արմատների մեջ խորանալ, որպեսզի կարողանան ծավալվող հրդեհը կանխել:
Այսպես, ԱՄՆ-ի կոնգրեսականները Ցեղասպանություների կանխման մի բանաձև են նախաձեռնել, որի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ, հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը: Երկու կուսակցությունների ներկայացուցիչները այս բանաձևով ԱՄՆ-ին կոչ են անում դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, որպեսզի հնարավոր լինի կանխել Մերձավոր Արևելում տեղի ունեցող կոտորածները:

- Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումը և հետևողական դատապարտումը կուժեղացնեն երկրի միջազգային դիրքորոշումը ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման գործում,-նշվում է բանաձևում:

Այնտեղ խոսվում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, մուսուլմանների, քրդերի և մյուս խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ իրականացվող ցեղասպանությունների, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների կանխման անհրաժեշտության մասին: Հստակ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը պետք է մարդասիրական պատասխան ունենան Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, քալդանիների, ասորիների, հույների, պոնտացիների նկատմամբ իրականացվող ցեղասպանական արշավի վերաբերյալ: 

Ուշագրավ է, որ նույն օսմանյան Թուքիայի իրավահաջորդն այս օրերին ցեղասպանության համար մեղադրում է իր ծավալապաշտությունը զսպել փորձող այսօրվա Գերմանիային՝ նկատի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները:  Հնարավոր չէ մոռանալ, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Հիտլերն իր պատերազմական հանցագործությունները, հրեաներին վերացնելու ծրագրերն արդարացնելու համար հենց հայերի կոտորածներն անտեսելու փաստն էր վկայակոչել:

Թուրքիայի տաք գլխին, սակայն, մի քիչ սառը ջուր է լցրել Իսրայելի պաշտոնյան:

Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որով նա Բեռլինի ներկայիս քաղաքականությունն անցյալում նացիստների գործողությունների հետ է համեմատում՝ Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնն այդ որակումները համարել է խիստ անտեղի և քննադատել Թուրքիայի նախագահի այս մոտեցումը:

Մեկ հարյուրամյակ առաջ մարդկության մարմնին հասցված և անընդհատ բորբոքվող վերքերն այսօր արդեն քայքայիչ ախտ են դարձել բոլորի համար: Գուցե ինքնապահպանության բնազդն իրոք սկսել է մարդկության ճակատագրի վրա ազդեցություն ունեցող պատասխանատուներին մղել գործուն քայլերի՞: Թեև իհարկե՝ դրա համար երկու կոնգրեսականի բանաձևը կամ Հայոց ցեղասպանության մեղսակից Գերմանիայի զղջումն ու Թուրքիային զսպելու փորձերը չափազանց թույլ սպեղանի են: