Կրոնական ազատությունների Հայաստանս

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, ասել է թե` այդ երկրի արտաքին գործերի գերատեսչությունը, ամեն տարի տարբեր զեկույցներ է հրապարակում` տարբեր երկրների ներքին կյանքի վերաբերյալ: Թե միջազգային ինչ իրավունքի հիման վրա է դա  արվում` հասարակ մահկանացուների համար դժվար է ըմբռնել, բայց որ նույն միջազգային իրավունքն արգելում է միջամտել այլ պետությունների ներքին գործերին` սա իրենք էլ են ասում:

Հերթական հրապարակումը 2016թ. Հայաստանի կրոնական ազատությունների մասին է: Պետք է ասել` բավական դրական զեկույց է ստացվել: Այնտեղ նշված է, որ ՀՀ Սահմանադրությունը բոլորին մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք է վերապահում, որ Սահմանադրությամբ պետությունը և կրոնական կազմակերպությունները հստակ սահմանազատված են, Հայ առաքելական եկեղեցին ճանաչվում է որպես  ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող, իսկ քրիստոնեական փոքրամասնության կրոնական խմբերն իրենց գործողություններում ազատ են եղել:

Ըստ այս զեկույցի` Հայաստանի 3,1 մլն բնակչության 92%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են: Այստեղ հարց է ծագում` բնակչության այս թիվը Պետքարտուղարությունը ի՞նչ աղբյուրից է վերցրել: Չէ՞ որ բոլորը բացեիբաց ասում են, թե Հայաստանի բնակչությունն օր օրի նվազում է, և արդեն երեք միլիոնի մասին խոսելու ոչ մի հիմք չունենք: Իսկ գուցե Պետքարտուղարությունն, այնուամենայնիվ, ավելի ճշգրիտ տեղեկություննե՞ր ունի…

Զեկույցը մի փաստ էլ է արձանագրում` կրոնական մնացած խմբավորումները  երկրի բնակչության ընդամենը 1%-ի աջակցությունն են վայելում: Որքան լավ կլիներ, սա էլ ճշմարտության իրական պատկերը լիներ:

Ահա թե  ինչ անուններով են այդ խմբավորումները զեկույցում տեղ գտել. կաթոլիկներ, հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, ավետարանականներ, հիսունականներ, խարիզմատիկ քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, ասորիներ, եզդիներ, հրեաներ, շիա և սունի մահմեդականներ:
Նշված է, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին տրված կրոնի ազատության իրավունքը ներառում է նաև կրոնական համոզմունքները փոխելու իրավունքը: Նույնիսկ մեր Սահմանադրության որոշ սահմանափակումները Պետքարտուղարությունը բացասական չի գնահատել, քանի որ դրանք`

- Միտված են պետական անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդկանց իրավունքների և ազատությունների ապահովմանը:

Այնուհետև հաստատվում է, որ Սահմանադրությունն արգելում է կրոնական ատելության սերմանումը, կրոնական փոքրամասնություններին էլ թույլ է տալիս պարտադիր զինվորական ծառայության փոխարեն անցնել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն:

Այս զեկույցում հրապարակված թվերն ու Հայաստանի իրականությունը, ճիշտն ասած, այնքան էլ համապատասխան չեն թվում: Եթե կրոնական փոքրամասնություններն այդքան փոքրաթիվ են, այդ ի՞նչ թափով են գործունեություն ծավալում, որ Հայաստանի հասարակական կյանքի (չի բացառվում` նաև քաղաքական կյանքի) վրա այսքան մեծ ազդեցություն ունեն: Պետական անվտանգության պահպանումը կարևոր համարելով հանդերձ`  գովել են մեր Սահմանադրությունը, որ այլընտրանքային զինծառայություն է սահմանել: Իսկ քայքայիչ աղանդների մասին` ոչ մի խոսք: Դե, դրանք օտարների հենարանն են մեր երկրում` ինչ-ինչ պարտադրանքներով օրինական գրանցում ստացած և ասպարեզ նետված: 

Դա, սակայն, մեր խնդիրն է, դրանով մենք պետք է զբաղվեինք: Բայց մինչև այսօր շոշափելի ոչինչ չի արվել` ո′չ պետության կողմից (որին երևի նման զեկույցները շոյում ու սահմանափակում են), ո′չ հասարակության, որի ընդերքում բորբոքվող բացասական երևույթների զգալի մասի աղբյուրը այդ աղանդների բուռն գործունեությունն է: Իսկ գուցե մեզ պատուհասած չարիքի արմատը նաև այդտե՞ղ է թաքնված: