Համաշխարհային բանկն ասում է` որևէ լավ բան չկա՞ Հայաստանում

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՏԱՀՈԳԻՉ ՉԷ

Այսօր պատկան կառույցների ուշադրության կենտրոնում էր Համաշխարհային բանկի «Երկրի համակարգված գնահատում կամ Ապագայի Հայաստանը» զեկույցը:
 
Զեկույցում անդրադարձել են Հայաստանի տնտեսական խնդիրներին` մենաշնորհներին, կատարվող բարեփոխումների դանդաղմանը, մրցակցային շուկայի բացակայությանը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության բացասական հետևանքներին: Մասնավորապես, ԵՏՄ-ին անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու Հայաստանի հնարավորությունները : 
 
Ազգային ժողովում խոսելով կոնկրետ ԵՏՄ-ին անդամակցության պատճառով երրորդ երկրների հետ  առևտուր անելու սահմանափակվածության մասին, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց. 
 
- Մենք անդամակցել ենք այլ կառույցի: Մեր տարիֆները փոխվել են, և այդ տեսակետից չէր կարող իրավիճակը նույնը լինել, քանի որ մենք ընդունել ենք ավելի բարձր տարիֆներ, քան կային նախկինում: Միաժամանակ, շուրջ 700 ապրանքների գծով մենք տարիֆների անմիջապես բարձրացում չենք արել, որպեսզի դա անմիջապես չազդի մեր տնտեսվարողների ու սպառման վրա: Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրների՝ Վրաստանի ու Մոլդովայի վիճակը: ԵՏՄ ավելի մեծ արդյունք տվեց, քանի որ ՌԴ ազդեցությունը  մեր տարածաշրջանի երկրների վրա մեծ է: 
 
Փոխվարչապետի խոսքով` մինչև ԵՏՄ անդամակցությունը ևս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առևտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին.
 
- Հիմա մաքսային միության մեջ ենք, որի արդյունքում մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համար մենք առևտրային պայմանների բարելավում ենք ունեցել, որը մաքսային պայմանների բարելաման հետ է կապված: 
 
Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի զեկույցում բարձրացված մյուս խնդիրներին, Վաչե Գաբրիելյանն այսպես արձագանքեց. 
 
- Համաշխարհային բանկն ասում է` որևէ լավ բան չկա՞ Հայաստանում: Կոնկրետ խնդիրն ասեք: Ձեր կարծիքով` ՀԲ-ի գնահատականներն ավելի սուր էին, քան Կառավարությա՞ն տված ախտորոշո՞ւմը: Չեմ կարծում: Նույն բիզնեսի վերաբերյալ նույն կառավարության տված գնահատականը շատ ավելի սուր էր, և այն ծրագիրը, որը կառավարությունը հաստատեց, հստակ ունի հենց այդ տրամաբանությունը՝  նկարագրում է խոչընդոտը և ասում է, թե ինչ ենք անելու խոչընդոտի հաղթահարման համար: 
 
Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանն էլ լրագրողների հետ զրույցում խոսեց զեկույցի այն հատվածի մասին, ըստ որի` եթե Հայաստանում բարեփոխումներ չլինեն, տնտեսական աճը 0.5%-ից ցածր կլինի: Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ մեր մոտեցումները չեն տարբերվում ՀԲ-ի և ԱՄՀ-ի մոտեցումներից. 
 
- Մենք ունենք մեր տնտեսական պոտենցիալը բարձրացնելու խնդիր: Մեր ներուժը 3-4% տնտեսական աճն է: Հինգ տոկոս տնտեսական աճը, որը դրել ենք, առանց  բարեփոխումների հնարավոր չէ: 
 
Ի դեպ. Ֆինանսերի նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի  արտաքին պարտքի մեծացման վտանգին: Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով Հայաստանը նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում է, դեռ չի  հասել սահմանագծին: