Որքա՞ն արժե 0 եվրոն

Դրամական արժույթի պատմության մեջ թերևս աննախադեպ իրողություն է գրանցվել: Գերմաիայում թղթադրամ են թողարկել, որի անվանական արժեքը 0 եվրո է: Ճիշտ է՝ այս թղթադրամով որևէ բան գնել հնարավոր չէ, ավելի շուտ ինքն է գնվելու ապրանք, քանի որ թողարկվել է որպես հուշանվեր: «ՌԻԱ նովոստին» հայտնել է, որ 0 եվրո արժողությամբ թղթադրամի թողարկման իրավունքը Գերմանիան Եվրոպական բանկից է ստացել, և այն հնարավոր է գնել 2,5 եվրոյով: Այս հուշանվերից ընդամենը հինգ նմուշ է ստեղծվել: 
 
Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է լինելու մարդկանց արձագանքը: Հնարավոր է, որ սա համարվի դրամի եզակի նմուշ (մանավանդ՝ ընդամենը 5 օրինակը դրա համար հիմքեր ստեղծում է), և հազվագյուտ իրերի որոշ սիրահարներ առասպելական գներով ձգտեն այն ձեռք բերել: Այդ դեպքում մենք գործ կունենանք մաթեմատիկայի առեղծվածներից մեկի հետ, երբ 0-ն հավասար կլինի, ասենք, 10 000-ի: Բայց նաև հնարավոր է՝ 0 թիվը մարդկանց վանի, և նույնիսկ 2,5 եվրո վճարող չլինի: Հոգ չէ. Այդ դեպքում թղթադրամները թանգարանային նմուշ կդառնան:
 
Այս նախադեպը, սակայն, մեկ այլ բանի մասին է մտածել տալիս: Իհարկե, մարդը վաղուց է սկսել իրեն անհրաժեշտ իրերը ձեռք բերել ու ծառայություններ ստանալ դրամի միջոցով, սակայն արդեն մեր օրերում այն ուղղակի սկսել է մարդուն ճզմել: Այսօրվա աշխարհում, կարելի է ասել, դրամատներն իրենց իսկական ստրկատերերի նման են պահում (հատկապես վարկառուների նկատմամբ), իսկ Համաշխարհային բանկն ուղղակիորեն ազդում է քաղաքական գործընթացների վրա: Տնտեսագիտության տարրական օրենքն է, որ թղթադրամը պետք է ամրացված լինի ոսկով: Սակայն արդեն խոսվում է այն մասին, թե այսօր շրջանառության մեջ դրվող թղթադրամները իրականում ոսկով չեն չափվում: Դուրս է գալիս՝ իրոք 0 են…
 
Իսկ գուցե 0 եվրոն, անգամ թողարկողների կամքից անկախ, խորհրդանշում է դրամի (ոչ թե հայկական, այլ ցանկացած արժույթի առումով) իշխանության ավա՞րտը: Որովհետև եթե գործընթացները զարգանան նույն թափով, երբ պետությունները հանուն խշխշան թղթադրամների հզորազոր զենքեր են վաճառում՝ անգամ իրենց հնարավոր թշնամիներին, մարդկության կործանումն անխուսափելի կլինի: