Ցանցային հաշվեհարդար

ՀԱՆՈՒՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ

Եթե 1000 տարի առաջ մեր մեծ ճարտարապետ Տրդատը հիմնավորապես լուծում չտար աշխարհահռչակ այս տաճարի՝ անընդհատ քանդվող գմբեթի շինարարությանը, ինչի շնորհիվ այն մինչև այսօր կանգուն է, տեսնես թուրքերի հպարտության մյուս մեծագույն աղբյուրը ո՞րն էր լինելու…
 
4-րդ դարում հիմնադրված Սուրբ Սոֆիայի տաճարը (որ թարգմանվում է իմաստության տաճար) այսօր Թուրքիայի հպարտությունն է: Թուրքերի համար հոգ չէ, որ այն նվիրված է իրենց ատած քրստոնեությանը և որևէ առնչություն չունի  ճարտարապետական ու շինարարական իրենց ավանդույթների հետ: 
 
Բայց, քանի որ եվրոպացիների անմիաբանության ու անհավասարակշիռ քաղաքականության պատճառով կարողացել են զավթել, ի՞նչն է խանգարում, որ իրենց ուզածի ձևով օգտագործեն: Ի՞նչ անենք, որ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է այն քրիստոնեական մշակույթի բաղադրիչ ճանաչել, և նախկինում որպես մզկիթ ծառայած  քրիստոնեական հոյակերտ եկեղեցին այժմ թանգարան է: Ու նաև` զբոսաշրջիկներ գրավող մի հարուստ գանձարան Թուրքիայի համար:
 
Եթե ավերիչ գոյությանդ ընդամենը 1000 տարում չես կարողացել Սուրբ Սոֆիայի կամ Անիի մայր տաճարի նման ճարտարապետական հրաշքներ արարել, քո նամազը կամ Ղուրանը կարող ես նաև քեզ օտար Աստծո հարկի ներքո կարդալ: Մի քանի տարի առաջ Անիում թուրք բարձրաստիճան գործիչների՝ իրենց համար անպատվաբեր նամազից հետո հիմա էլ Ստամբուլի վերածված Կոստանդնուպոլիսում են աղոթք մուրացել: Իսկ թունդ հավատացյալ թուրքերը պահանջել են, որ այն մզկիթ դարձնեն: Բայց եթե հավատացյալ են, ինչպե՞ս են  հավատում, թե Քրիստոսի անունով կառուցված եկեղեցուց իրենց աստվածը ձայն կլսի: Թե՞ համոզված են, որ նա էլ է իրենց նման զավթիչ… Հապա էլ ո՞ւր մնաց հոգևոր հաղորդակցությունը:
 
Այս առիթով Թուրքիայի և Հունաստանի միջև իսկական ցանցային պատերազմ է սկսվել:
 
Հույն ցանցահենները հայտարարել են, թե թուրքական 300 կայք են կոտրել` ի պատասխան  իրենց վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կայքի վրա թուրքերի հարձակման: Հույները նախ կոտրել են թուրքական երկու հեռուստաալիքների կայքերը և Էրդողանի համալսարանի էջը, այնուհետև` տասնյակ այլ կայքեր: Նաև խոստացել են անձնական տվյալների արտահոսք կազմակերպել համացանցային խոշոր էջերից: Anonymous Greece-ի էջում նրանք գրել են, թե 300 էջ վնասելուց հետո հաշվեհարդարը շարունակում են և սպառնացել են խափանել թուրքական բանկերի ու բորսաների աշխատանքը: 
 
Իսկ գուցե Աստված էլ է յուրօրինակ հաշվեհարդար տեսել, երբ Սուրբ Սոֆիայում Ղուրանի ընթերցանությունից մի քանի օր անց մզկիթում առավոտյան նամազ անող Էրդողանը ուշագնաց է եղել, իսկ հետո էլ ասել է, թե պատճառը դիաբետի հետ կապված խնդիրներն են: