Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակներ

ԵՐԲ ԻՄ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ

 
Սիրիայի հարցում Ռուսաստանը հայտնվել է դժվարին իրավիճակում: Կարծես թե խուսափելով միայնակ հանդես գալ Սիրիայում թելադրողի դերում՝ հիմա էլ որոշել է իր արբանյակ պետությունների միջոցով այդ կրակից շագանակներ հանել:
 
ԱԳ նախարար Լավրովը  հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Իսլամական պետության՝ Սիրիայի հիմնական հակառակորդի դեմ  պայքարելու համար այլ երկրներում տեղակայված իր ռազմաբազաների օգնությանը կդիմի: Դրանից հետո ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց Սիրիայում ականազերծման  մարդասիրական աշխատանքներին մասնակցելու մասին: Հիմա էլ  Մոսկվան  իսլամիստների դեմ վտանգավոր խաղի մեջ փորձում է ներքաշել ՀԱՊԿ-ը: Ռուսական լրատվամիջոցները  գրել են, որ ՀԱՊԿ մշտական խորհրդում  քննարկվել է  Սիրիա ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու հարցը: Ընդ որում՝  ռուսական լրատվամիջոցը՝ Ռիա Նովոստին, այս տեղեկատվությունը ներկայացնելով՝ վկայակոչել է Ղրղզստանի  անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը: 
 
Միաժամանակ ԱԽ քարտուղար Թեմիր Ջումաքադիրովն ասել է, որ Բիշքեկն առայժմ ՀԱՊԿ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել՝ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար:
 
Բացի ռուսական լրատվամիջոցներից՝ Սիրիայում ղազախ և ղրղզ խաղաղապահների  տեղակայման  մասին  խոսել է նաև Էրդողանի մամուլի քարտուղարը: Այս երկու  տեղեկություններից կարող ենք ենթադրել, որ Մոսկվան  փորձում է հույսը միայն Հայաստանի վրա չդնել՝ որպես ՀԱՊԿ անդամ: Բայց պաշտոնական առաջարկ չստանալու մասին Ղրղզստանի ԱԽ քարտուղարի  խոսքից կարելի է ենթադրել, որ  ՀԱՊԿ-ի անդամ այս երկիրը կարծես թե հակված չէ իր հարաբերությունները փչացնել ԻԼԻՊ-ի նման հրեշի հետ՝ հանուն Ռուսաստանի: 
 
Թեև Ղազախստանը դեռ պաշտոնապես ոչինչ չի ասել, ու չեզոքություն է պահում, բայց անգամ այս կեցվածքը հասկանալի է: Վերոնշյալ  երկրները, որոնք համակված են Մեծ Թուրանի գաղափարով, վատ հարաբերություններ չունեն Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Իսկ սրանք   ԻԼԻՊ-ի  համար զինվորներ բուծող պետություններից են և անգամ սատարում են իսլամիստներին: ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանն ու Ղրղզստանն էլ, թերևս, մտավախություն ունեն, որ իսլամիստների դեմ  պայքարում Մոսկվան կարող է նաև մենակ թողնել իրենց: 
 
Այս  օրերին ուշադրության է արժանի Հայաստանի պահվածքը:  Արաբական աշխարհի խոշոր խաղացողներից մերժված ու դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնված  Կատարի ԱԳ նախարարի  հետ  է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարը: Հանդիպումն  ինչքան էլ բացատրենք Կատարից Հայաստան բերվելիք ներդրումների, հայկական  արտադրանքն այնտեղ արտահանելու մասին բանակցություններով, միաժամանակ չենք կարող շրջանցել այն փաստը, որը ԻԼԻՊ-ի վրա Կատարը մեզ ազդեցություն ունի: Չէ՞ որ հենց իսլամիստներին հովանավորելու հիմնավորմամբ արաբական  վեց պետություն և Մալդիվյան կղզիներն այդ երկրի հետ խզեցին հարաբերությունը:
 
Գուցե Հայաստանը, չբացառելով ԻԼԻՊ-ի՝ մեր տարածաշրջանին  մոտենալու վտանգը, փորձում է 3-րդ երկրի՝ Կատարի միջոցով իր վրայից շեղել իսլամիստների ուշադրությունը: Վերջին հաշվով՝ իմ  բարեկամի բարեկամը գուցեև չթշնամանա ինձ հետ: 
Ամեն դեպքում աշխարհաքաղաքական այս խաղի  մեջ ներքաշվելուց առաջ  Հայաստանը  պետք է հնարավորինս ճշգրիտ հաշվարկի  ռիսկերն ու  սպասվելիք արդյունքը: