Ամենաքիչ ունեցածդ էլ չունեցածից շատ է

Առվակների ու գետերի բախում է լինելո՞ւ

Պայքարի իմիտացիա են ստեղծո՞ւմ, թե իրոք գետերի ու առվակների կռիվ է սկսվելու: Խոսքը Արտաշատում քաղաքապետի աթոռի համարպայքարի մասին է, որը ձնագնդի նման թափ  է հավաքում: Քաղաքապետի աթոռի պայքարի մասին օրեր առաջ հայտարարեց  ՀՀԿ երբեմնի փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը:

Ընտրությունը հոկտեմբերին է կայանալու, բայց արդեն կրքեր են բորբոքվել:

Ըստ տեղեկությունների՝ այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդի Գագիկ Պողոսյանն է: Դեռ պարզ չէ, թե  ՀՀԿ-ն ում կառաջադրի որպես թեկնածու, բայց  մեզ հասած տեղեկություններով՝ իշխող ՀՀԿ-ն ևս փորձում է Արտաշատում իր ներկայացուցչին հաստատել՝ քաղաքը դուրս բերելով  Աբրահամյանների տիրույթից:

Սակայն կարծես թե անգամ այս հանգամանքը չի  հուսահատեցնում ՀՀԿ նախկին փոխնախագահ,  էքս վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս թեև առաջին դեմքով քաղաքական գործընթացներին չի մասնակցում, բայց իշխանությանը հասկացնում է, որ առվակն էլ կարող է գործոն լինել:

«Ծառուկյան» դաշինքը ևս չի հայտարարել Գագիկ Պողոսյանին սատարելու, կամ այլ թեկնածու առաջադրելու մասին, բայց, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը գուցե  փորձի չեզոք դիրք գրավել և հրապարակավ չաջակցել ոչ մի թեկնածուի:

Հովիկ Աբրահամյանը թեև այսօր չունի նախկին ազդեցությունն ու լծակներ, բայց մտադիր էլ չէ Արտաշատում զիջել իր  իշխանությունն ու ազդեցությունը: Նաև, հավանաբար, երիտասարդ թոշակառու չի ցանկանում լինել:

Հասկանալի չէ, սակայն, թե ինչու ինքն անձամբ չի առաջադրում իր թեկնածությունը: Արդյո՞ք ավելի  ճիշտ չէր լինի, եթե նա մասնակցեր քաղաքապետի ընտրություններին ու պայքարեր իր համար, այլ ոչ թե մեկի համար տանիք լիներ: Իհարկե, նախկինում վարած պաշտոններից հետո դժվար կլինի բավարարվել  ավելի սահմանափակ լիազորություններ ունեցող աթոռին: Բայց  ժողովուրդն ասում է՝ այն, ինչ ունես, չունեցածիցդ շատ է: