Բացահայտե՞լ է ճշմարտությունը, թե՞ խախտել պետական գաղտնիքի մասին օրենքը. սկանդալ Վրաստանում

ԳՈԳԱՇՎԻԼԻԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

«Անձնական կյանքի և/կամ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության բացահայտում». ենթադրաբար նման մեղադրանք է առաջադրվել հուլիսի 15-ի երեկոյան Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիին։
 
Ձերբակալությունը մեծ սկանդալ ու բողոք է առաջացրել հասարակության մեջ․ շատ լրագրողներ ու փորձագետներ կարծում են, որ սա Գոգաշվիլիի պատիժն է իշխանությունների կողմից։
 
Փորձագետները հիշում են նաև նրա ակտիվ և ծայրահեղ բացասական դերը Պանկիսի կիրճում 2017 թվականին իրականացված հատուկ գործողության մեջ, երբ սպանվեց տեղի 17-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ 
 
Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ Սոսո Գոգաշվիլին սոցցանցում հրապարակել է նամակ, որում հայտարարել է, որ ապացույցներ ունի 2021 թվականին Վրաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ այդ փաստաթղթերն արդեն հանձնել է դիվանագետներին ու հասարակական կազմակերպություններին։
 
Բացի այդ, Գոգաշվիլիի անունը շոշափվում է մեկ այլ աղմկոտ պատմության մեջ։
 
Նրա ձերբակալությունից օրեր առաջ իշխանամետ «Մաեստրո» հեռուստաալիքը հրապարակել էր ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերության խմբագրությունում տեղի ունեցած հանդիպման գաղտնի ձայնագրությունը։
 
Ձայնագրությունն արվել է դեռևս 2021 թվականի նոյեմբերին, ինչպես ենթադրում են հեռուստաալիքի լրագրողները՝ Պետական անվտանգության ծառայության կողմից ապօրինաբար տեղադրված գաղտնալսող սարքով։
 
Այդ ձայնագրության մեջ հանդիպման մասնակիցները, ի թիվս այլ բաների, ասում են, որ Սոսո Գոգաշվիլին «Մտավարիին» և այլ ընդդիմադիր հեռուստաընկերությունների՝ «Ֆորմուլա»-ին և «Պիրվելի»-ին, պետական անվտանգության ծառայության գործունեության մասին գաղտնի տեղեկություններ է տրամադրել մի քանի տարի շարունակ։
 
Հուլիսի 16-ի մեկնաբանության մեջ Պետանվտանգության ծառայությունը, սակայն, պնդում է, որ Սոսո Գոգաշվիլին կալանավորվել է վաղուց ընթացող հետաքննության շրջանակներում, և նրա դեմ նոր գործ դեռ չի հարուցվել։
 
Գոգաշվիլիի ձերբակալության տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է նրա կինը՝ Թեա Մարտկոպաշվիլին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները մտել տուն, գետնին տապալել Գոգաշվիլիին։
Գոգաշվիլիի ձերբակալությունից հետո իրավապահները խուզարկել են նրա դստեր՝ Նինի Գոգաշվիլիի տունը Ադարայի շրջանի Գոնիո գյուղում։ Նրա նկարահանած տեսանյութում քննիչը հայտնում է հետախուզման հրամանի մասին և ասում, որ որոշումն ընդունվել է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով ընթացող հետաքննության շրջանակներում։
 
Սոսո Գոգաշվիլիի կինը հայտարարել է, որ «իր աչքով է տեսել և պատրաստ է երդվել Աստվածաշնչի վրա», որ խուզարկության համար եկած ուժայինները, իբր, տանը թողել են չգրանցված զենք՝ ներքնակի տակ ատրճանակ և պահարանում՝ Կալաշնիկով ինքնաձիգ։
 
Թեա Մարտկոպաշվիլին նաև պնդում է, որ իր ամուսնու ձերբակալության պատճառ են հանդիսացել «նրա շփումները օտարերկրացիների՝ դիվանագետների և հասարակական կազմակերպությունների հետ»։ Նա դիմել է հանրային պաշտպանին՝ խնդրելով օգնել պարզել, թե ուր են տարել Սոսո Գոգաշվիլիին։
 
Ի՞նչ կարծիք ունեն փորձագետները
 
Գիա Խուխաշվիլի, քաղաքագետ․
 
- Պարզ է, որ նրանց համար Գոգաշվիլիին հարցաքննելն անիմաստ է։ Նրա բոլոր հանցագործությունները համատեղ [նրանց հետ] հանցանքներ են, և նրանք դա շատ լավ գիտեն։ Ուստի այժմ նրան ոչ թե հարցաքննում են, այլ ընտրում՝ որ գործով նրան մեղադրանք առաջադրեն։
 
- Դժվար թե Եվրամիության մաս դառնա մի երկիր, որտեղ մարդը մեղավոր է համարվում ոչ թե համակարգային հանցագործություններ կատարելու, այլ դրանց մասին հայտնելու համար,- ասում է Խուխաշվիլին։
 
Թամտա Միքելաձե, Սոցիալական արդարության կենտրոն․
 
- Գոգաշվիլին օդիոզ կերպար է։ Իմ կարծիքը նրա մասին չափազանց բացասական է։ Նրա հետ է կապված Մաչալիկաշվիլի ընտանիքի սարսափելի ողբերգությունը։
 
19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիին անկողնում քնած ժամանակ սպանել էին հատուկ ջոկատայինները, որոնք նրա տուն էին ներխուժել 2017 թվականի վերջին Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողության ժամանակ։
 
Գոգաշվիլին ոչ միայն մասնակցել է այդ հատուկ գործողությանը, այլև կազմակերպել Մաչալիկաշվիլիի ընտանիքի «ապամարդկայնացումը» հասարակության աչքում։ Նա նաև անհեթեթ ու կոշտ մեղադրանքներ էր տարածում մեր կազմակերպության հասցեին, քանի որ մենք պաշտպանում էինք Թեմիրլանի ծնողներին։
 
Չնայած դրան՝ ես այն զգացողությունը չունեմ, որ նրա ձերբակալությունը ինչ-որ արդարության վերականգնում է։ Ընդ որում, սա, ամենայն հավանականությամբ, կապված չէ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործի հետ։
 
Արդարության վերականգնումը հնարավոր կլինի անկախ, քաղաքական շահերից զերծ արդարադատության համակարգ ունենալու պարագայում։ Իսկ այստեղ հստակ երևում է քաղաքական շահը, իսկ արդար արդարադատություն ակնկալել պետք չէ։ Անընդունելի էր նաև նրա ձերբակալության ձևը։
 
Ամեն դեպքում, այս պատմությունը պահանջում է հասարակության հետևողականությունը։ Հայտարարվել է, որ դիվանագիտական կորպուսին և լրատվամիջոցներին են փոխանցվել քաղաքական՝ բացասական բովանդակություն ունեցող որոշ գաղտնի տեղեկություններ։ Հավանաբար, շուտով ամեն բան պարզ կդառնա։
JAMnews